Իրանի ռազմածովային ուժերը Պարսից ծոցում նավ են կալանել՝ վառելիքի մաքսանենգության համար
Պարսից ծոցում Իրանի ռազմածովային ուժերը կալանավորել են օտարերկրյա նավ, որը փորձում էր մաքսանենգ ճանապարհով դիզվառելիք տեղափոխել: Ըստ «Ինտերֆաքսի»՝ շաբաթ օրը հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը:
«Ստուգումից հետո հայտնաբերվել է ավելի քան 150 հազար լիտր մաքսանենգ դիզելային վառելիք»,-իրանցի զինվորականների ներկայացուցչի խոսքերը մեջբերել է հեռուստաալիքը։
Նա նշել է, որ անձնակազմի 11 անդամները նույնպես բերման են ենթարկվել, նրանք կհարցաքննվեն։ Զինվորականը, սակայն, չի հայտնել, թե որ երկրին է պատկանում կալանված նավը և երբ է տեղի ունեցել միջադեպը։
Նա հավելել է, որ Իրանի տնտեսությունը պաշտպանելու համար իր ստորաբաժանումը «վճռականորեն կգործի» ծովով վառելիքի մաքսանենգության փորձերի դեմ։