Կոտայքի երեք հուշարձանի մոտ կտեղադրվեն պաշտպանության համակարգեր
Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող «Արձագանք» (քանդակագործ՝ Խաչատուր Հակոբյան) և «Անվերջության ժապավեն» (Դավիթ Բեջանյան) քանդակները բազմիցս վանդալիզմի են ենթարկվել։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» փոխանցմամբ, ամբողջովին վերականգնում անցած քանդակները պաշտպանելու համար նրանց տարածքներում կներդրվեն անվտանգության ժամանակակից համակարգեր։
Կվերանորոգվի և կվերականգնվի Չարենցավան քաղաքի մուտքի մոտ գտնվող «Վերածնունդ» (Խաչիկ Միրիջանյան) քանդակը, որը ժողովրդի մեջ ավելի հայտնի է «Գանգրահեր տղայի հուշարձան» անունով։
Կոտայքի այս երեք հուշարձանների տարածքում շրջայց են կատարել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականություններ կատարող Արմեն Հովհաննիսյանը և ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։
Քննարկվել են հուշարձանների վերականգնման, վերանորոգման աշխատանքները, պաշտպանության համար անհրաժեշտ համակարգերի ներդրումը։ «Վերածնունդ» քանդակի վերականգնման աշխատանքները քննարկվել են Չարենցավանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ։
Հարակից հրապարակումներ`
- Կրկին վանդալիզմի է ենթարկվել «Անվերջության ժապավեն» հուշարձանը
- Վերականգնվում են «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» մոնումենտալ քանդակները