Սա ի ցույց է դնում այս կապիտուլյանտ ռեժիմի հողատու վարքագիծը. Շարմազանովը՝ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ հարցաքննության կանչելու մասին
«Սա բացարձակապես շինծու մեղադրանք է, հերթական խղճուկ մեղադրանքն է և ի ցույց է դնում այս կապիտուլյանտ ռեժիմի խղճուկ, հողատու վարքագիծը»,- Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի ևՆոր Նորքի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ հարցաքննության կանչելու մասին պաշտպանի հայտարարությանը:
Ըստ նրա, սա ակնհայտ է, քանի որ տեսնում են, որ Սյունիքի շուրջ տեղի են ունենում ոչ հայանպաստ, դավադիր գործողություններ և հասարակության ուշադրությունը շեղելու հերթական մանյովրն է իրականացնում այս խղճուկ իշխանությունը:
«Սա շինծու մեղադրանք է: Սերժ Սարգսյանը չի վախենում ոչ ձերբակալվելուց, ոչ բերման ենթարկվելուց, ոչ կալանավորվելուց: Եթե դա կօգնի Սյունիքի ու Արցախի հայկական լինելուն, ինքը բազմիցս նշել է, որ պատրաստ է, բայց սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս իշխանությունը չի սպասարկում Հայաստանի Հանրապետության շահերը, այս իշխանությունը շարժվում է թուրք-ադրբեջանական օրակարգով և այս շինծու մեղադրանքը ևս դրա վառ ապացույցն է»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հայտնել էր, որ ծանուցում է ստացել հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետ Հր․Մուշեղյանից այն մասին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվում որպես մեղադրյալ:
Հարցին՝ կիմանա՞ն այն շարժմանը, որը պահանջում է Նիկոլ Փաշինյանից հրապարակել ինչ փաստաթուղթ է ստորագրում և այսօր ակցիաներ է իրականացնում, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Մեր կուսակցությունը շուրջ 3,5 տարի պայքարի կիզակետում է, մեր ներքղաքական օրակարգում կա մեկ գլխավոր հարց, դա այս կապիտուլյանտ ռեժիմի հեռացումն է, և մենք պատրաստ ենք համագործակցելու բոլոր պետականամետ, ազգային ուժերի հետ, ովքեր բացառապես սպասարկում են Հայաստանի շահը, հստակ, ուղիղ, առանց տողատակերի գտնում են, որ այս աղետալի վիճակից դուրս գալու առաջին ճանապարհը կապիտուլյանտ ռեժիմի հեռացումն է»:
Հարցին՝ վերջերս Նիկոլ Փաշինյանն ասել է, որ չկա արցախյան հարցի հայանպաստ կամ ադրբեջանանպաստ լուծում, կա լուծում կամ չլուծում, ի՞նչ է եզրակացնում այդ հայտարարությունից, ՀՀԿ-ական գործիչը պատասխանեց. «Եթե չկար հայանպաստ լուծում, ինչու տարավ այդ 5000 երեխաների գլուխը կերավ:
Սա հերթական դավադիր, դավաճանական հայտարարությունն է, որը նա անում է:
Իսկ երբ նա ԱԺ-ում խոսեց, որ սահմանները չպաշտպանելը պետական դավաճանություն է, ինքնախոստովանական ցուցմունք էր, որովհետև Սև լճի դեպքում նա ասում էր՝ հո 30 տոկոսի համար կռիվ չենք սկսելու:
Ավելին` 2020 թվականի դեկտեմբերի 17-18-ին, ինքը էլի ԱԺ-ում ինքնախոստովանական ցուցմունք է տվել, որ իրականացնելով քայլ, որը ներառված չէր նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, նա միանձնյա կերպով հայկական զինուժը մի քանի կմ հետ է տվել և թուրքին բերել կանգնեցրել է Սյունիքի բարձունքներին»:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Աշոտյան. Սերժ Սարգսյանը պատրաստ է ցկյանս նստել, եթե դա է Հայաստանը փրկելու գինը
- «Նախագահ Սերժ Սարգսյանը խանգարում է Հայաստանի կապիտուլյացիայի վերջնական ու անվերադարձ գործընթացին»
- ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվում որպես մեղադրյալ. Պաշտպան