Պայմանագրային զինծառայողի ընտանիքը նրա գերեվարման մասին իմացել է ոչ թե ՊՆ-ից կամ ԱԱԾ-ից, այլ թշնամու տարածած տեսանյութերից
Նոյեմբերի 16-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով գերեվարվածների ու անհետ կորածների թվում շիրակցիներ կան։
Պայմանագրային զինծառայող 28-ամյա Ս. Թ.-ի հարազատները նրա գերեվարման մասին իմացել են ադրբեջանական կողմի տարածած տեսանյութերի միջոցով։ Մինչ այդ ոչ պաշտպանության նախարարությունից, ոչ Վանաձորի զորամասի հրամանատարներից որևէ մեկն ընտանիքին կատարվածի մասին չի տեղեկացրել։
«Որևէ մեկը մեզ որևէ բան չի ասել, նրանք մեզանից են նյութեր վերցնում, որ ուսումնասիրեն»,-ասում է զինծառայողի կինը՝ Լիլիթ Զաքարյանը։
Նոյեմբերի 17-ի առավոտյան Ս. Թ.-ի հարազատներն են շտապել Երևան՝ նախ պաշտպանության նախարարություն, ապա՝ Ազգային անվտանգության ծառայություն, դիմել են ՄԻՊ գրասենյակ, Կարմիր Խաչի միջազգային կազմակերպություն, նաև փաստաբաններին՝ ՄԻԵԴ դիմելու համար։
Panorama.am-ի հետ զրույցում գերեվարված պայմանագրային զինծառայողի կինն ասում է, որ պետական գերատեսչություններում հարցերին պատասխանելու փոխարեն, իրենց են սկսել հարցեր տալ ու գերեվարվածի մասին տվյալներ ճշտել։
«Հիմա հենց այս պահին իմ ամուսնու հարազատները՝ հայրը, մայրը, շիրակցի երկու անհետ կորած զինծառայողների հարազատները գնում են մարզպետարան՝ պարզելու, թե ինչ քայլեր են արվում նրանց գտնելու, վերադարձնելու համար»,- նշում է կինը։
Նա մարզպետարան գնալ չի կարողացել, քանի որ երկու մանկահասակ երեխաներին է խնամում։
Վերջին անգամ ամուսնու հետ հեռախոսով զրուցել է նոյեմբերի 16-ին ժամը 12։30-ի սահմաններում։ Վերլուծելով նոյեմբերի 14-ին ամուսնու հետ խոսակցությունը՝ Լիլիթ Զաքարյանը ենթադրում է, որ Ս. Թ-ն ու ծառայակից ընկերները երկու օր շրջափակման մեջ են եղել։
«Նոյեմբերի 14-ին երբ խոսեցինք, ասաց. «Մեզ տեղափոխում են, էլ կապ չի լինելու, տուն չեմ կարողանա զանգել»։ Մի քանի ժամ անց խոսեցինք, ձայնից երևում էր՝ ինչ-որ բան այն չէ։ Հետո ծառայակից ընկերները մեզ պատմեցին, որ եղել են շրջափակման մեջ»,- պատմում է նա։
Կնոջ խոսքով, նույն զորամասից այլ գերեվարվածներ ու անհետ կորածներ էլ կան։
«Շատ տեսանյութեր են տարածվել։ Վախենում ենք, որ իրենց վնաս չտան։ Հիմա հարազատները հավաքվել, գնացել են մարզպետարան։ Ոչ ոք ոչինչ չի ասում, ո՞ւմ բողոքենք, ի՞նչ ասենք։ Ուղղակի սպասում ենք մեր տղեքի հետ գալուն»,- ասում է գերեվարված պայմանագրային զինծառայողի կինը։
Հիշեցնենք, որ Հայաստանի սուվերեն տարածքում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով զոհերի, գերեվարվածների, անհետ կորածների, վիրավորների հստակ թիվը հայտնի չէ։
Պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 17-ին հայտարարել էր՝ հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։
Ուշագրավ է, որ «ինտենսիվ աշխատանքների» արդյունքում մարտական գործողություններից վեց օր անց անհետ կորած որևէ զինծառայող չի հայտնաբերվել։
Նոյեմբերի 18-ին, ուշ երեկոյան, Շուշիում ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահ զորակազմի անմիջական միջնորդությամբ, ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել նոյեմբերի 16-ին ՀՀ սահմանի արևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած հարձակման հետևանքով զոհված 3 հայ զինծառայողի մարմին: ԱԻՊԾ-ից նշել էին, նախնական տվյալներով մարմինները տարհանվել են Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի վարչական տարածքից:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական ագրեսիայից 5 օր է անցել, սակայն անհետ կորած զինծառայողներից և գերեվարվածներից որևէ տեղեկություն չկա. Աբրահամյան
- Ադրբեջանական կողմը Իշխանասարի տարածքում զոհված 3 հայ զինծառայողի մարմին է փոխանցել․ ԱՀ ԱԻՊԾ
- Տեղեկատվական բարդակ պետական համակարգում-2
- ՊՆ. Հայկական կողմն ունի 1 զոհված, 13 գերեվարված զինծառայող, 24 անհետ կորած
- Տեղեկատվական բարդակ պետական համակարգում
- ՊՆ. Գերեվարվել է 12 զինծառայող
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան