Սյունիքն ենք կորցնում. Երևանի փողոցները կաթվածահար են
Երևանի կենտրոնական փողոցներում երթևեկությունը կաթվածահար է։ Ինչպես տեղեկացնում է Panorama.am-ի լրագրողը, Ազատագրական շարժման նախաձեռնողները տեղեկատվական ակցիա են իրականացնում՝ փակելով փողոցները։
Ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ 44 րոպեով փակելու են Երևանի փողոցների երթևեկությունը՝ մարդկանց ուշադրությունը հրավիրել երկրում տիրող իրավիճակի վրա։
Այս պահին փակ են Արշակունյաց, Իսակով, Տիգրան Մեծի, Բաղրամյան պողոտաները, Հաղթանակ կամուրջից դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոցը։ Մեծ թվով ոստիկաններ փորձում են կարգավորել երթևեկությունը։
Ակցիա մասնակիցները բոլորին կոչ են անում այսօր, ժամը 17:00-ին հավաքվել Երևանի Հանրապետության հրապարակում՝ տեր կանգնելու մեր երկրին ու պետականությանը։
Նշենք, որ որոշ վարորդներ հորդորում էին բացել ճանապարհը, քանի որ «պարապ չեն», ինչին ի պատասխան ակցիայի մասնակիցներից մեկն ասաց. «Սյունիքն ենք կորցնում։ Սա մեր հայրենքի հարցն է, իջեք և միացեք մեզ»։
«Ակցիայի նպատակն է թուքին վռնդել մեր հայրենիքից»,- նշեց փողոցը փակած երիտասարդներից մեկը՝ ընդգծելով, որ ակցիան ապաքաղաքական է, այն ուղղված է ընդդեմ թուրքի։
Հիշեցնենք, որ Ազատագրական շարժման նախաձեռնողները հայտարարություն էին տարածել, որում նշված էր.
«Հայրենակիցներ, մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է.
- կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,
- թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,
- պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:
Մեր պայքարը հայկական պետականության պահպանման համար է։ Մեր երկրի անվտանգությունը ամեն մեկիս ձեռքում է' Սյունիքից մինչև Տավուշ, Շիրակից մինչև Արցախ։
Նոյեմբերի 22-ին, ժամը 17:00-ին հավաքվում ենք Երևանի Հանրապետության հրապարակում' տեր կանգնելու մեր երկրին ու պետականությանը»։