Աշխարհում տարեկան շուրջ 700 հազար մահ է լինում հակաբիոտիկակայունության հետևանքով. Սամվել Հայրումյան
«Համաճարակի բռնկման ժամանակ «Ազիտրոմիցին» դեղամիջոցն ընդգրկված էր հիմնական դեղերի մեջ, որոնք նշանակվում էին, սակայն շատ արագ՝ 1-2 ամսից պարզվեց, որ դրա նշանակումն արդյունավետ չէ»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատու Սամվել Հայրումյանը:
Ասուլիսը կազմակերպվել էր ԱՀԿ որոշմամբ աշխարհում Հակաբիոտիկների իրազեկման շաբաթվա անցկացման շրջանակներում:
«Պարզվել է, որ կորոնավիրուսի դեպքում թոքերում բորբոքման 90 %-ը պայմանավորված է վիրուսով, հետևաբար հակաբիոտիկ նշանակելու կարիք չկա»,- ասաց բժիշկ-մասնագետը և հավելեց, որ միայն թոքաբորբերի 10 %-ի դեպքում կարելի է հակաբիոտիկ օգտագործել, երբ կա երկրորդային բակտերիալ վարակի միանալու կասկած:
Հայրումյանի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության հանձնախումբը 2014-16 թթ ուսումնասիրություն են անցկացրել և պարզել, որ տարեկան շուրջ 700 հազար մահ է լինում հակաբիոտիկակայունության հետևանքով. «Ըստ ուսումնասիրությունների՝ եթե այս տեմպը շարունակվի, 2030 թվականին տարեկան10-12 մլն մահ է արձանագրվելու, որն ավելի շատ է լինելու, քան քաղցկեղից մահերի թիվը»։
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանն էլ հայտնեց, որ հանրապետության 4 հիվանդանոցում ուսումնասիրվել է, թե կորանավիրուսի ինչ կայուն շտամեր կան, դրանց արդյունքներն ամփոփման փուլում են և շուտով կհրապարակվեն:
«Ցավով պետք է նշեմ, որ մեր դեղերի գործակալության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սպառման տեսանկյունից գերակշռել է «Ազիտրոմիցին», ինչպես նաև «Ֆլյուկունազոլ» դեղամիջոցները»,- տեղեկացրեց Աբովյանը:
Նա նշեց, որ վիրուսային հիվանդությունները չեն բուժվում հակաբիոտիկներով, այլ նման դեպքերում պետք է օգտագործել հակավիրուսային դեղամիջոցներ:
Ըստ Ռոմելլա Աբովյանի՝ Առողջապահության համաշխարհային կոմիտեն և ՀՀ առողջապահության նախարարությունը բազմիցս հորդորել են հակաբիոտիկների հետ չկիրառել «Ֆլյուկունազոլ» դեղամիջոցը, քանի որ դրանով մանրէները դիմադրողականություն են ձեռք բերում և հետագայում կարող է սովորական վարակիչ հիվանդությունների դեպքում այդ հակաբիոտիկները չօգնեն և արձանագրվել մահվան դեպքեր:
Բժիշկ-մասնագետը նաև հայտնեց, որ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ տան պայմաններում հակաբիոտիկներ են ընդունել և անարդյունք բուժումից հետո ծանր վիճակում հիվանդին հասցրել են հիվանդանոց, որտեղ արդեն չի հաջողվել նրանց օգնել: