Սյունիքում մեր հայրենակիցների խնդիրներն ավելի են խորացել․ Վահե Հակոբյան
«Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական անցակետի տեղադրելուց հետո կոնկրետ Սյունիքում մեր հայրենակիցների խնդիրներն ավելի են խորացել»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը:
Նա նշեց, որ Հայաստանը Գորիս-Կապան Մ2-ի հատվածը կորցնելով, կորցրել է նաև Կապան-Ճակատեն ճանապարհը: Վ.Հակոբյանի խոսքով, այժմ 4 գյուղի 600 բնակիչ Կապան գնալու համար ստիպված են շրջադարձ կատարել Մեղրիով, Քաջարանով, որի երկարությունը 150 կմ է:
Ինչ վերաբերում է Տաթևից Կապան այլընտրանքային ճանապարհին, ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ այդ ճանապարհը կառուցված է սխալ նախագծով, բավականին նեղ է և արդեն շատ դժվար անցանելի, քանի որ հիմա բոլոր մեքենաների հոսքն այդ ճանապարհով է: Իսկ երբ ձյուն գա, ճանապարհը սառուցապատվի, Վահե Հակոբյանի խոսքով, այն լինելու է անանցանելի, բլոկվելու են քաղաքացիները Կապանում, Քաջարանում և Մեղրիում:
Դիտարկմանը՝ Ադրբեջանը Քարվաճառի կողմից ինտենսիվ ճանապարհաշինարարություն է իրականացնում, տեսակետ կա, որ հենց դա է լինելու ճանապարհ կամ միջանցք՝ Քարվաճառից միանալով Նախիջևանին, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Անցած շաբաթ գտնվում էի Սյունիքում, այդ թվում գնացել էի նայելու նաև այդ ճանապարհը:
Երբ որ 2020 թ. նոյեմբերի 9-ին դավաճանական փաստաթուղթը ստորագրվեց և փորձեցին այդ պայմանավորվածությունն իրականացնել, այդ ժամանակ Զանգելան-Օրդուբադ ճանապարհն էր քննարկվում, որին շատ կտրուկ արձագանքեցին Իրանի իշխանությունները, զորք կուտակեցին այդ հատվածում, հնչեցին սպառնալիքներ:
Հետո պարսկական զորքը հեռացավ այնտեղից: Սա նշանակում է, որ Պարսկաստանը որոշ երաշխիքներ ստացավ: Ո՞ւմ կողմից և ո՞նց, չեմ կարող ասել:
Դրանից հետո միանգամից շատ ինտենսիվ տեմպերով կառուցվում է Անգեղակոթ–Շաղատ ճանապարհը: Հաջորդ հատվածը Նախիջևանի սահմանն է և ադրբեջանցիներն արդեն իսկ կառուցել, վերջացրել են մաքսային տերմինալ:
Հիմա ադրբեջանցիների ակտիվությունն հենց այդ հատվածում առնվազն իրավունք է մեզ տալիս մտածել, որ ադրբեջանիցները փորձելու են այդ տեղով ստանալ ճանապարհ:
Նիկոլ Փաշինյանը հասկանալով, որ դրա տակ մտնելով, կդառնա իր քաղաքական վախճանը, փորձում է հիմա պայմանավորվածություններից հետ կանգնել և իր պատգամավորների ասած զրոյական կետը, միգուցե դա Բրյուսե՞լն էր, որն, ի վերջո, շրջանցելով Մոսկվան, պայմանավորվեցին: Կարծում եմ՝ մեզ մոտ ապագայում սպասվում են շատ արագ և հագեցված զարգացումներ»:
Նա հայտնեց, որ այս շաբաթվա ընթացքում ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնելու է լսումներ, հրավիրելու են արտախորհրդարանական բոլոր ուժերին այս իշխանության դեմ մեկ ռազմավարություն մշակելու համար:
Անդրադառնալով ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի հայտարարությանը՝ կապված ընդդիմադիր պատգամավորների կողմից ԱԺ նիստերը բոյկոտելու հետ, մասնավորապես անթույլատրելի է համարում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանի բացակայությունը, ինչը, ըստ նրա, խոչընդոտում է հանձնաժողովի աշխատանքները, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Բաբկեն Թունյանը հերթական անգամ ուզում է գոհացնել իր քաղաքական ղեկավարներին: Նրա կարծիքը միմիայն իր կարծիքն է, որևէ խոչընդոտ չի կարող հանդիսանալ իմ բացակայությունը կոնկրետ նիստը վարելու կապակցությամբ: Դրա համար կա տեղակալ՝ Բաբկեն Թունյանը, թող բարի լինի, կատարի իր պաշտոնական պարտավորությունները: Եթե ինքն էլ է բացակում, այդ դեպքում… Պայծառ միտք արտահայտեց, որ եթե ինքը չլիներ, բա ի՞նչ էր լինելու: Եթե ինքը չլիներ, որևէ կատաստրոֆիկ բան չէր կատարվի, ցանկացած անդամ իրավասու է հանձնաժողովի որոշմամբ ղեկավարի նիստը»:
Հարակից հրապարակումներ`
- Կապանի օդանավակայանի շահագործումն իշխող ուժի հերթական փուչիկ ու օդ խոստումներից էր. Վահե Հակոբյան
- Վահե Հակոբյան. Սյունիքի օդանավակայանից թռիչքներ իրականացնող ավիափոխադրողը չի կարող ունենալ անվտանգային որևէ երաշխիք
- Բաքուն համաձայնել է Բրյուսելում Երևանի հետ գագաթնաժողով անցկացնել
- Փաշինյանը և Ալիևը պայմանավորվել են դեկտեմբերին հանդիպել Բրյուսելում
- ՔՊ-ականները հայտարարեցին զրոյական կետից նոր բանակցություններին համաձայնություն տալու մասին
- Վերանայել մոտեցումը, այլապես կդիտվի աշխատանքային պարտականությունների չկատարում՝ հնարավոր հետևանքներով. Թունյանը՝ ընդդիմադիրներին
- Վահե Հակոբյան. Ցավում եմ, որ Թունյանն ու իշխանությունները մի նախագծի քննարկում ավելի են կարևորում, քան Սյունիքում ծավալված ռազմական գործողությունները
- Ո՞րն է այս ծաղրածուների գործողությունները գերիների հարցում. Վահե Հակոբյան
- Ադրբեջանական զինուժն ավելի է խորանում մեր սուվերեն տարածքում. Վահե Հակոբյան
- Նիկոլ Փաշինյանի վրեժխնդրությունն է Արթուր Սարգսյանի, մնացած կալանավորված քաղաքապետերի նկատմամբ. Վահե Հակոբյան
- Իրեն հարգող որևէ գործարար Հայաստանում ոչ մի կոպեկի ներդրում չի անի. Վահե Հակոբյան