Բելառուսի և Լեհաստանի սահմանին փախստականներն առաջին անգամ ձյուն են տեսել
Բելառուսի Գրոդնոյի շրջանի Բրուզգի լոգիստիկ կենտրոնում տեղավորված փախստականներն առաջին անգամ ձյուն են տեսել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Գործակալության թղթակիցը նշել է, որ միգրանտները հեռախոսներով նկարում են ձյունը և համտեսում այն, իսկ երեխաները ձնագնդի են խաղում և «ձյունե հրեշտակներ» պատրաստում։
Նոյեմբերի 8-ին ավելի քան երկու հազար փախստական Մերձավոր Արևելքից եկել են Բելառուսի և Լեհաստանի սահման՝ ԵՄ մուտք գործելու համար։
Դաշտային ճամբարում մեկ շաբաթ անցկացնելուց հետո նոյեմբերի 15-ին միգրանտները եկել են լեհ-բելառուսական սահմանի «Բրուզգի» անցակետ և հաստատվել այնտեղ։ Երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 16-ին, փախստականները փորձել են ներխուժել Լեհաստանի տարածք՝ կոտրել են ցանկապատը և քարեր ու փայտեր են նետել Լեհաստանի անվտանգության ուժերի վրա։ Ի պատասխան՝ լեհ սահմանապահները մարդկանց դեմ արցունքաբեր գազ, նռնակներ և ջրցան մեքենաներ են կիրառել։