ԵԽ հանձնակատարը գլխավոր դատախազությունից պարզաբանում է պահանջում Սաշիկ Սուլթանյանի դեմ հարուցված քրգործի վերաբերյալ
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն այսօր նամակ է ուղարկել Հայաստանի գլխավոր դատախազություն ու պարզաբանումներ պահանջել ազգությամբ եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի դեմ ընթացող քրեական դատավարության վերաբերյալ։ Այս մասին Panorama.am-ին հայտնում են Եվրոպայի խորհրդից։
Հիշեցնենք, որ Սաշիկ Սուլթանյանը «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ-ի նախագահն է։
«Հանձնակատարը պահանջում է պարզաբանում պարոն Սուլթանյանին առաջադրված մեղադրանքների և նրա իրավապաշտպան գործունեության միջև կապի վերաբերյալ։ Հաշվի առնելով մարդու իրավունքների միջազգային և ազգային դերակատարների կողմից նրա հետապնդման վերաբերյալ հայտնած լուրջ մտահոգությունները՝ Դունյա Միյատովիչը վերահաստատում է Հայաստանի իշխանությունների պարտավորությունները, այն է ապահովել անվտանգ միջավայր, որը նպաստում է մարդու իրավունքների պաշտպանների աշխատանքին»,- ասված է դատախազությանն ուղղված նամակում։
Նա ընդգծել է, որ անվտանգ միջավայրը ներառում է մարդու իրավունքների պաշտպանների խոսքի ազատության երաշխավորումը, որը պաշտպանված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով:
Այդ համատեքստում նա ընդգծում է, որ այս պարտավորությունն առավել կարևոր է, երբ օրինական խոսքը վերաբերում է փոքրամասնություններին, ուղղված է նրանց իրավունքների պաշտպանությանն ու առաջմղմանը։
Հիշեցնենք, որ Սաշիկ Սուլթանյանը մեղադրվում է հայ ու եզդի ժողովուրդների միջև թշնամանք հարուցելու համար։
ՀՔԱՎ-ից հայտնում են, որ վաղը՝ նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով հերթական դատական նիստը։
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից նշում են, որ նրան մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ-ի քննիչի կողմից, որը Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին խոսելը որակել է որպես ազգային թշնամանքի հարուցում։ Սաշիկ Սուլթանյանի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Սամսոն Գալստյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան