Հայաստանը Մոսկվային տեղեկացրել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը
ՀՀ իշխանությունները Ռուսաստանին տեղեկացրել են առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելու պատրաստակամության մասին: ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:
«Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում մեր դաշնակից Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Եվ մեր ռուս գործընկերների հետ քննարկումների ընթացքում մենք տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների: Եթե և երբ գործընթաց կսկսվի, մենք, իհարկե, կտեղեկացնենք հանրությանը իրադարձությունների զարգացման մասին»,- ասել է նա:
Վ.Հունանյանի խոսքով, ՀՀ կառավարության ծրագրում արձանագրված է, որ Հայաստանը միշտ պատրաստ է եղել կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ առանց նախապայմանների:
«Միաժամանակ ուզում եմ նշել, որ ներկա պահին Թուրքիայի հետ որևէ բանակցություն չի վարվում»,- ավելացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին