«Արմեն Դանիելյանն այն դատավորն է, որի պատճառով իրավաբանները ցանկանում են իրենց դիպլոմները պատռել»
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն այսօր ԱԺ-ում հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրեց, որ իրավունքի ուժով ստեղծված ԱԺ իրավական հարցերով քննիչ հանձնաժողովը մի շարք հարցեր պետք է քննության առարկա դարձնի, առաջին հերթին գործերը դատավորներին էլեկտրոնային համակարգի փոխարեն ձեռքով մակագրելու դեպքերը։
Նշելով, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմի վերաբերյալ որոշումն ԱԺ-ն չընդունեց՝ պատգամավորը շեշտեց, որ այն հնարավորություն է տալու զերծ լինել իշխանական պատգամավորների ներկայությունից։
Վարդևանյանի խոսքով՝ քննիչ հանձնաժողովը իր աշխատանքները իրականացնելու է առանց այդ որոշման և հրավիրյալի կարգավիճակով աշխատանքներում մասնակցելու են «Հայաստան», «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ Աննա Մկրտչյանը, Արթուր Ղազինյանը, Էլինար Վարդանյանը և Արծվիկ Մինասյանը:
«Քննիչ հանձնաժողովը հենց այսօր հասցեագրելու է գրություններ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին՝ խնդրելով, որպեսզի վերջինս ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն ներկայանա ԱԺ և պատասխանի քննիչ հանձնաժողովի կողմ ներկայացվող հարցադրումներին»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ հանձնաժողովը գրություն է հասցեագրելու նաև արդարադատության նախարարին և մի շարք այլ անձանց։
Շեշտելով, որ դատարաններում առկա վիճակն ուղղակիորեն վերաբերում է նաև երկրում առկա անվտանգության խնդիրներին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորն ասաց. «Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է պատգամավոր Արթուր Սարգսյանը կրկին կալանավորում, երբ նրան առաջադրված մեղադրանքի և ամբողջ քրեական գործի վաղեմության ժամկետի լրանալուն մնում են շաբաթներ։ Արթուր Սարգսյանին կալանավորող Արմեն Դանիելյանն այն դատավորն է, որի պատճառով իրավաբանները ցանկանում են իրենց դիպլոմները պատռել, որովհետև նույն դիպլոմից ունի նաև Արմեն Դանիելյանը»։
Վարդևանյանը նաև նկատեց, որ պատգամավոր Արթուր Սարգսյանը պատերազմի օրերին կարողացել էր ջոկատ կազմել և պահել ռազմավարական նշանակություն ունեցող դիրքեր։
Ընդդիմադիր պատգամավորը նաև լրագրողների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթներ է հարուցում բացառապես այնպիսի դատավորների նկատմամբ, որոնք վայելում են հանրային և մասնագիտական վարույթի վստահությունը, իսկ նման վստահություն չունեցողները, երբևէ կարգապահական պատասխանատվության տիրույթում չեն հայտնվում։
Նա հայտարարեց, որ նման հարցերի պատասխանը պետք է տա քննիչ հանձնաժողովը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում չկա մի իրավական գործընթաց, որն ուղղորդված չէ իշխանության կողմից. Աննա Մկրտչյան
- «Օդում կախված լուրերի համաձայն՝ կաշառքները և խրախուսումները տրվում են բուքմեյքերական ընկերությունների միջոցով»
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի