Երևանյան լիճը ճահճացման ենթակա ջրային համակարգ է դարձել
«Մի երկու շաբաթ Երևանյան լիճն ամբողջովին ցամաքեցվել էր մաքրման աշխատանքներ իրականացնելու նպատակով (համենայնդեպս՝ այդպես գիտեի): Հիմա այն նորից ջրով լցվել է, սակայն հիմա ջրի վրա լողացող աղբն ավելի շատ է, իսկ ափերի աղբի նվազումքանակի ընդհանրապես չի նկատվում: Հակառակը՝ շատացել է: Եթե այսպես շարունակվի, ապա շուտով լճի փոխարեն կունենանք աղբանոց Երևանի սրտում»,- ահազանգում է Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը:
Բնապահպան Սիլվա Ադամյանն էլ ընդգծում է՝ որպես էկոհամակարգ, Երևանյան լիճն ուղղակի անհրաժեշտ է Երևան քաղաքին:
«Երևանը չունի համապատասխան ջրային տարածքներ: Մի ջրային համակարգ էր Գեռատը, որը, չնայած մեր պայքարին, փակվեց:
Իսկ Երևանը գտնվում է կիսաանապատային տարածքում և այս դեպքում մեզ մնացած միակ ջրային տարածքը՝ Երևանյան լիճը, որպես ջրային համակարգ, շատ մեծ նշանակություն ունի քաղաքի համար, քանի որ խոնավության տոկոսը Երևանում քիչ է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասում է Ս. Ադամյանը:
Բնապահանի խոսքով, լճի տարածքում նաև կենսաբազմազանության առումով հեռաքրքիր տեսակային կազմ կա:
«Ձկնային պաշարների մասին չենք խոսում, քանի որ այդ աղտոտված լճում ոչինչ չի կարող լինել: Բայց 4-5 տարի առաջ նկատվել էր կենսաբազմազանության ակտիվություն, մասնավորապես թռչունների:
Այսինքն, Երևանյան լիճը որպես ջրային տարածք, որը խոնավության մեծ պաշար է իր մեջ ներառում, կարող է նաև հանգստավայր լինել երևանցիների համար, սակայն դարձել է չգիտեմ ինչ»,- նշում է մասնագետը:
Ս. Ադամյանի փոխանցմամբ, չնայած բնապահպաններին Երևանի քաղաքապետարանը, այլ պատկան մարմինները վստահեցնում էին՝ տարածքը լավ վիճակում է, համակարգողներ կան, ամեն ինչ անում են, սակայն, ինչպես տեսնում են, այն վերածվել է շատ մեծ աղբանոցի, որը լուրջ մաքրման կարիք ունի:
«Ամեն տարի պետք է մաքրման աշխատանքներ արվեն: Մաքրելուց հետո այնպիսի վիճակ ստեղծվի, որ այլևս այդ կարգի աղտոտվածություն լճում չլինի: Բայց այդ առումով համապատասխան գործողություններ չեն արվում, նաև աղբը շարունակվում է լցվել Երևանյան լիճ: Քաղաքապետարանը, բոլոր պատկան մարմինները, որոնք կոչված են շրջակա միջավայրի խնդիրները լուծելուն, մեծ ռեսուրսներ պետք է տեղակայեն լիճը մաքրելու և այլևս թույլ չտալու, որպեսզի այդ քանակությամբ աղբ նետվի դեպի Երևանյան լիճը: Տարիներ շարունակ արվել է, բայց շատ վատ է արվել, այսօր էլ համարյա ոչինչ չի արվում և կանգնած ենք լուրջ խնդրի առաջ»,- ասում է բնապահպանը և ընդգծում, որ լիճը ճահճացման ենթակա մի ջրային համակարգ է դարձել և, եթե այսպես շարունակվի, քաղաքի մեջ ճահճային տարածք կառաջանա:
«Վիճակը խայտառակ է, սարսափելի: Այսպես որ շարունակվի, ճահճանալու է, աղբավայրի է վերածվելու: Արդյո՞ք պետք է մեզ լիճն այդ վիճակում: Եթե պետք է տոննայով աղբ լցնենք լճում, չմաքրենք, չհամակարգենք, ապա ի՞նչ ենք ուզում մենք անել»:
Panorama.am-ը դիմեց Երևանի քաղաքապետարան՝ լիճը մի քանի օր կիսադատարկ լինելու և մաքրման ծրագրերի վերաբերյալ հարցերով:
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից հայտնեցին, որ լիճը մի քանի օր կիսադատարկ էր տեխնիկական մաքրման համար՝ ջուրը դատարկվել է, որպեսզի մետաղյա ցանցը մաքրվի, ջուրը սահմանված նորմայից ավելի չկուտակվի:
«Մինչև տարեվերջ, ինչքան հնարավոր է, առանց տեխնիկական միջոցների գործադրման առափնյա մասում կուտակված աղբը կհավաքվի, որպեսզի շատ կուտակում չլինի, բայց 2022 թվականի համար լուրջ ծրագիր կա մշակված: Ընդ որում, ամենայն հավականությամբ, մասնագիտացված տեխնիկա էլ ձեռք կբերվի, որպեսզի մաքրման պրոցեսն ավելի հեշտացվի, մեծ ծավալ ընդգրկի ու արդյունավետ լինի»,- ասացին Երևանի քաղաքապետարանից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին