Թուրքիայում կոչ են անում վերականգնել Մշո Սուրբ Առաքելոց վանքը
Ներկայիս Թուրքիայի Հանրապետության սահմաններում գտնվող հայկական Մշո Սուրբ Առաքելոց վանք այցելած մի շարք քաղաքացիներ, որոնց թվում է եղել նաև «1071 Ալփարսլան» միության նախագահ Թուրգայ Էօզլիւն, տեղի իշխանություններին կոչ են արել վերականգնել Մշո Սուրբ Առաքելոց կիսավեր վանքը։ «Բերիոյ լուրեր»-ը գրում է, որ այդ մասին հաղորդում է «Ակունքը»՝ հիմնվելով թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության հրապարակման վրա։
Աղբյուրի համաձայն, թուրք քաղաքացիները շրջել են գանձագողերի կողմից ավիրված հայկական եկեղեցում և ցանկություն հայտնել, որ պատմական հուշարձանը վերանորոգվի՝ տվյալ շրջանում զբոսաշրջությունը զարգացնելու նկատառումով:
«1071 Ալփարսլան» միության նախագահը գործակալության թղթակցի հետ զրույցում մասնավորապես նշել է, որ եկեղեցին ներկայում ավերակ վիճակում է, որի հիմնական պատճառը գանձ որոնողների և անգիտակից մարդկանց վերաբերմունքն է. «Խնդրում ենք, որ նմանատիպ տեսարժան վայրերը վերանորոգվեն՝ զբոսաշրջության զարգացմանը զարկ տալու համար»։
Թուրքական պետական գործակալությունը, բնականաբար, չի նշում վանքի հայկական լինելու փաստը։