ԻԱԿ-ն ԱՆ-ին առաջարկում է մեծացնել տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար տուգանքի չափը
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն հանրագիր է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն՝ առաջարկելով բարձրացնել տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար նախատեսված վարչական պատասխանատվության չափը, ինչպես նաև սահմանել պատասխանատվություն տեղեկություն ստանալու հարցմանը պատասխանելու՝ օրենքով սահմանված ժամկետները խախտելու համար։
«Երբ խախտվում է լրագրողի տեղեկություն ստանալու իրավունքքը, խախտվում է նաեւ ողջ հասարակության ճշարտությունն իմանալու իրավունքը։ Մեր ավելի քանի քսան տարիների փորձը ոլորտում վկայում է, որ վարչական պատասխանատվությունը կարող է ապահովել տեղեկություն ստանալու իրավունքի խախտումների կանխարգելում, ինչպես նաև՝ խախտված իրավունքի վերականգնում։ Դեռևս դատարանները դժկամությամբ են բավարարում այն գործերը, երբ մի կողմում հասարակական կազմակերպություն է կամ լրատվամիջոց, որը փորձում է վերականգնել տեղեկություն ստանալու իր խախտված իրավունքը։ Այս դատական գործերը նաև ձևականության են փոխակեպվում, քանի որ դրանց քննությունը տարիներ է տևում, եւ վերանում է տվյալ տեղեկությունը ձեռք բերելու անհրաժեշտությունը եւ հասարակական պահանջը։»,- նշում է ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը։
ԻԱԿ տարածած հաղորդագրության համաձայն, հանրագրում ներկայացված է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով նախ առաջարկվում է տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար նախատեսված տուգանքի չափն ավելացնել մինչև 200-ապատիկի չափով, ինչպես նաև առաջարկվում է լրացում կատարել օրենսգրքի 189.7-րդ հոդվածում նախատեսելով վարչական պատասխանատվություն տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրամադրելու՝ օրենքով նախատեսված ժամկետները խախտելու համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով տուգանք։
Նախագծի ընդունումը մի կողմից լրագրողներին, ՔՀԿ- հնարավորություն կտա տեղեկատվության ազատության իրավունքի խախտման դեպքում պատշաճ իրականացնել իրենց տեղեկություն ստանալու իրավունքի պաշտպանությունը, մյուս կողմից կանխարգելիչ նշանակություն կունենա՝ ստիպելով տեղեկություն տնօրինողներին պատշաճ պահպանել տեղեկություն ստանալու գրավոր հարցումներին պատասխանելու համար օրենքով սահմանված կանոնակարգերը:
Հանրագրի ամբողջական տեքստը կից։ Այն հասանելի է նաև ԻԱԿ պաշտոնական էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի