41 քառակուսի կմ-ը 4100 հեկտար է. Խոսրով Հարությունյան
«Մենք մեկ տարվա ընթացքում ունենք որակապես նոր սպառնալիքներ՝ մեր պետությանն ու պետականությանը, մեր տարածքային ամբողջականությանը միտված»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։
Նրա խոսքով՝ պատերազմին հաջորդած ժամանակաշրջանում սողացող օկուպացիայի հետևանքով Հայաստանը ավելի շատ է մոտեցել պատերազմին՝ այդ ընթացքում ունենալով տարածքային նոր կորուստներ։
Շեշտելով, որ 41 քառակուսի կմ-ը 4100 հեկտար է՝ Հարությունյան ասաց. «Կարդում եմ իշխանական հաղորդագրությունը, թե ասֆալտապատել են 42 000 քմ տարածք և խոսքն ընդամենը 7 կմ ճանապարհի մասին է: Այսինքն, երբ պետք է չարածը մեծ խոսքերով ներկայացնել, դա կարող է լինել 42 000 քմ, իսկ երբ կորուստ է, ապա «ընդամենը» 41 քառ. կմ»:
Ըստ Խոսրով Հարությունյանի՝ իշխանությունների պատճառով կան լուրջ սպառալիքներ պետությանը, տարածքային ամբողջականությանը և պետականությանը:
Նրա խոսքով՝ մեկ տարվա ընթացքում ռազմավարական բարձունքները չեն պահպանվել մեր կողմից և որևէ ինժեներական ամրություն չի կառուցվել և պնդեց, որ պետք է դատվեն այն պատասխանատուները. որոնք չեն ապահովել այդ աշխատանքները:
Հարությունյանը հայտարարեց, որ Սև լիճը տալուց հետո եկել էր Իշխանասարը տալու ժամանակը։
«Մեծ Իշխանասարը տալու ժամանակն է եկել, հիմա կռիվը դրա համար է գնում, բոլորս էլ դա շատ լավ հասկանում ենք, որովհետև եթե ունես Մեծ Իշխանասարը՝ Սյունիքի արևելյան հատվածում, ուրեմն ունես ամբողջ Երևան-Գորիս հատվածը: Հետևաբար, առաջին հարցը, որի պատասխանը հանրությունն իրավունք ունի պահանջել նրանից, և Փաշինյանը պարտավոր է պատասխանել՝ ինչու՞ է դեկտեմբերին զորքերը հետ քաշելու ուղղակի հրամանը տվել»,- ասաց նախկին վարչապետը։
Ըստ Խոսրով Հարությունյանի՝ նախորդ տարվա դեկտեմբերին, միանձնյա հրամայելով զորքերը հետ քաշել Սյունիքի ռազմավարական կարևորության բարձունքներից, Փաշինյանը նպաստել է ոչ միայն տարածքային նոր կորուստներին, այլև սահմանազատմանը։
«Եթե մեր դիրքերը չզիջեինք, ապա այդ պրոցեսի կարիքը չէր լինի»,- հայտարարեց բանախոսը և պնդեց, որ Ալիևին և Թուրքիային սահմանազատումը ձեռնտու չէ, քանի որ նրանք տարածքային ավելի մեծ հավակնություններ ունեն Հայաստանի նկատմամբ. ցանկանում են տիրանալ ամբողջ Սյունիքին։
Նախկին վարչապետի կարծիքով Ալիևը չի հրաժարվի դեմարկացիայից, բայց այն այնքան կձգձգվի, մինչև այդ ընթացքում նոր տարածքները վերցնի։
Խոսրով Հարությունյանը հասարակության ուշադրությունը հրավիրեց նրա վրա, որ Ալիևը վերցնում է այն ռազմավարական բարձունքները, որոնք ամբողջ Սյունիքը սպառնալիքի տակ պահելու միջոց են։
«Երբ ասում եմ՝ սողացող օկուպացիա, հենց սա նկատի ունեմ։ Այսինքն՝ մենք, հետ քաշելով մեր ուժերը, համոզված եմ՝ գիտակցված նպաստեցինք այս զարգացումներին։ Հայաստանն այժմ հայտնվել է իր տարածքային ամբողջականության, իր սուվերեն պետականության կորստի ակնհայտ սպառնալիքի տակ»,-ասաց Խոսրով Հարությունյանը։
Նա դեմ արտահայտվեց Նախիջևանով անցնող երկաթգծի վերագործարկմանը՝ ասելով, որ այն Հայաստանին տնտեսապես ոչինչ չի տալու, այլ հակառակը՝ Հայաստանի տնտեսության համար առաջացնելու է ռիսկեր:
Նրա կարծիքով՝ պետք է դիտարկել Գյանջա-Ղազախ-Իջևան-Դիլիջան-Հրազդան-Երևան երկաթգիծը, որը կարող է հավասարակշռել երկու պետությունների տնտեսական շահերը և հավելեց, որ այն այսօր գործում է, որով հատուկ բեռներ է հասցվում մինչև Դիլիջան:
Հարությունյանը հայտարարեց, որ եթե Ռուսաստանը մտածում է շրջանցելով Վրաստանը իր բեռները հասցնի Թուրքիա, ապա Իջևանի տարբերակը լավագույն որոշումն է:
Անդրադառնալով Պարսից ծոցը Սև ծովին միացնող Հարավ-Հյուսիս Հայաստանով անցնող ճանապարհին՝ բանախոսը շեշտեց, որ դրանով շահագրգռված է Իրանը, Վրաստանը, Հայաստանը, Եվրոպան, Միացյալ Նահանգները և Հնդկաստանը:
«Բայց կարևորն այն է, երբ Ադրբեջանը նոր բարձունքներ է վերցնում, ռազմավարական նոր հենակետեր է վերցնում, որով սպառնում է մեր ամբողջ Սյունիքի տարածքին, ըստ էության, նա ձախողում է այդ ամբողջ ծրագիրը, որովհետև ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան չեն կարող համաձայնել, որ Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող ճանապարհն անցնի Հայաստանով»,- հայտարարեց Հարությունյանը:
Նրա համոզմամբ, իշխանություններն իրենց անգործությամբ հանգեցրել են նրան, որ վաղը Հնդկաստանը կարող է հետ կանգնել այդ ճանապարհից, քանի որ այն դառնում է շատ ռիսկային ծրագիր, մինչդեռ այն Հայաստանի համար աշխարհաքաղաքական նոր դերակատարում ստանձնելու, հետագայում դինամիկ զարգանալու իդեալական հնարավորություն է:
«Հետևաբար հարց եմ տալիս, ինչո՞ւ ենք զիջում»,- խոսքն ամփոփեց Խոսրով Հարությույանը և շեշտեց, որ այս պայմաններում Ադրբեջանն իր ռազմական բյուջեն 50%-ով է բարձրացնում, իսկ Հայաստանը՝ 11%:-ով։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի