ՅՈՒՆԻՍԵՖ-ը վաղ ուսումնառության կենտրոններ կհիմնի Քարաշենում և Խոզնավարում
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը և Սյունիքի մարզի Տեղ խոշորաված համայնքի ղեկավար Դավիթ Գուլունցը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Տեղ խոշորացված համայնքի Քարաշեն և Խոզնավար բնակավայրերում վաղ ուսումնառության երկու նոր կենտրոններ հիմնելու նպատակով: Այս մասին հայտնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ից։
««Սյունիքի երեխաներն այսօր կանգնած են աննախադեպ մարտահրավերների առաջ, որոնց հաղթահարման համար աջակցություն և հանձնառություն է հարկավոր։ Մանուկ հասակում հանուն երեխաների զարգացման ներդրումներ անել՝ նշանակում է ներդրումներ անել Սյունիքի ապագայի համար, որտեղ յուրաքանչյուր երեխա կարևոր է և կարող է նպաստել այս գեղեցիկ մարզի բարգավաճմանն ու զարգացմանը»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:
«Այլ խնդիրներին զուգահեռ, այս երկու բնակավայրերի երեխաները զրկված են վաղ ուսումնառության հնարավորությունից, ինչը խոչընդոտում է նրանց (կրթական) զարգացմանը և դպրոցական կյանքին պատշաճ պատրաստվելուն: 2022 թվականին նոր կենտրոններում զբաղվածություն կունենան համայնքի կանայք, իսկ կենտրոններ հաճախող երեքից վեց տարեկան երեխաները ուրախությամբ կսովորեն և կզարգանան:
Առաջիկա 12 ամիսների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը երկու բնակավայրերի հետ միասին վերանորոգման աշխատանքներ կիրականացնի, հոգալով կենտրոնների հիմնման ծախսերը, կկահավորի դրանք, կտրամադրի անհրաժեշտ խաղալիքներն ու ուսումնական նյութերը, ինչպես նաև վաղ ուսումնառության թեմայով վերապատրաստում կանցկացնի բնակավայրերի մի խումբ կանանց համար: Տեղի մանկապարտեզի դաստիարակները ևս օգուտներ կքաղեն դասընթացներից՝ ծանոթանալով նաև մեթոդոլոգիակական նյութերին: Ծրագիրը կիրականացվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ինչպես նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ սերտ համագործակցությամբ՝ կրթական ոլորտում պետական քաղաքականությանը համահունչ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի վաղ ուսումնառության այլընտրանքային մոդելն առաջին անգամ փորձարկվել է Սյունիքի մարզում 2016-2017 թվականներին: Կենտրոնները հիմնվել էին Բնունիսում, Բարձրավանում, Տարոնիկում, Թասիկում, Ալվանքում, Նռնաձորում, Հացավանում և Եղվարդում: ՅՈՒՆԻՍԵՖ-ը մոդելավորել, գնահատել և ծախսագրել է պիլոտային նախաձեռնությունը: Արդյունքում՝ ՀՀ կառավարությունը ներդրումներ կատարեց հօգուտ վաղ ուսումնառության ծառայությունների կազմակերպման այս մոդելի՝ երկրի այլ, սակավաթիվ բնակչություն ունեցող հեռավոր անկյուններում:
Վաղ ուսումնառության կենտրոնների հիմնումը Տեղ խոշորացված համայնքի Քարաշեն և Խոզնավար բնակավայրերում, ինչպես նաև Գորիսի խոշորացված համայնքի Հարթաշեն բնակավայրում հնարավոր է դարձել Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ որպես «ԱՊԱԳԱՆ ԱՅՍՕՐ»՝ Հայաստանում ժողովրդավարության խորացման համար կանանց, երիտասարդների և երեխաների դերի հզորացում ծրագիրի մաս»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի