Ձևավորվել է հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության ստորաբաժանում
Գլխավոր դատախազի նոյեմբերի 16-ի հրամանով գլխավոր դատախազությունում ձևավորվել է հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն և դադարեցվել է գլխավոր դատախազության հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության գործունեությունը:
Դատախազությունից մանրամասնում են, որ մասնագիտացված ստորաբաժանման ստեղծումը պայմանավորված է Հատուկ քննչական ծառայության գործունեության դադարեցմամբ և Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ, որին, «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով վերապահվել է կոռուպցիոն հանցագործություններով ինչպես մինչդատական վարույթի, այնպես էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը:
Համաձայն 2021թ. ապրիլի 14-ին ընդունված և ուժի մեջ մտած ««Դատախազության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի 6-րդ հոդվածի՝ ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծվող հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների պաշտոններում կարող են նշանակվել բացառապես օրենքով սահմանված կարգով բարեվարքության ուսումնասիրություն անցած անձինք:
Իսկ գլխավոր դատախազի վերոնշյալ հրամանի համաձայն՝ փոփոխություններն ուժի մեջ են մտնում, այսինքն նշված նոր ստորաբաժանումն սկսում է գործել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության առնվազն 5 դատախազների նշանակման օրը:
Գլխավոր դատախազի նոյեմբերի 22-ի հրամաններով նշանակվել են վարչության 8 դատախազներ: Վարչության պետ է նշանակվել Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արսեն Մարտիրոսյանը, որը մինչ այդ ղեկավարում էր Գլխավոր դատախաության հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունը:
Մինչ այդ վարչության դատախազների պաշտոնների բոլոր թեկնածուները օրենքով սահմանված կարգով անցել են բարեվարքության ուսումնասիրություն: Դրանց արդյունքում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունները հաշվի են առնվել գլխավոր դատախազի կողմից նշանակումները կատարելիս:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի