ՆԱՏՕ-ն ՀՀ-ի հետ համագործակցության շրջանակում կարմիր գծեր չի սահմանել. Շտեֆան Էլգերսման
Հայաստանն արդեն մոտ քսան տարի է ՆԱՏՕ-ի շրջանակում անհատական գործընկերության գործողությունների ծրագրի անդամ է և որևէ անհամատեղելիության հարց չկա Հայաստանի ՀԱՊԿ անդամ լինելու և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության եզրեր ունենալու համար։ «ՆԱՏՕ-Հայաստան համագործակցություն. նոր նպատակներ ու հեռանկարներ» քննարկման շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց ՆԱՏՕ-ի միջազգային աշխատակազմի քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության բաժնի ներկայացուցիչ Շտեֆան Էլգերսմանը:
«Բազմաթիվ երկրներ կան, որոնք հանդիսանում են անվտանգության այլ շրջանակների անդամ, բայց շարունակում են համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։ Մենք Հայաստանի հետ ունենք բավական լավ քաղաքական համագործակցություն, ողջունում ենք Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին, նաև անվտանգության ոլորտում Հայաստանի հետ ծավալում ենք բավականին հաջող երկխոսություն»,-ասաց նա։
Շտեֆան Էլգերսմանը նաև նշեց, որ ՆԱՏՕ-ն Հայաստանի հետ համագործակցության շրջանակում կարմիր գծեր չի սահմանել, միասին ձևավորում են հաջող քաղաքական երկխոսություն:
Նա նաև հույս հայտնեց, որ ժամանակի ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունները կբարելավեն:
Ինչ վերաբերում է Վրաստանին, ՆԱՏՕ-ի միջազգային աշխատակազմի քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության բաժնի ներկայացուցիչ Շտեֆան Էլգերսմանի կարծիքով, կգա մի պահ, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, միաժամանակ կոչ արեց լուծել իր հակամարտությունները խաղաղ ճանապարհով: