Այս կալանավայրը քո տեղը չի. Ընկերները` Վոլոդյա Ավետիսյանին
«Եղբայր, մենք այստեղ ենք, մենք քեզ հետ ենք ու անհամբեր սպասում ենք` երբ ես դուրս գալու այս կալանավայրից: Այս կալանավայրը քո տեղը չի», -այսօր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ ազատամարտիկ և 6 տարվա ազատազրկման դատապարտյալ Վոլոդյա Ավետիսյանին դիմելով բարձրախոսով հայտարարեց նրա ընկեր, «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի հանձնախմբի ղեկավար» Գագիկ Սարուխանյանը:
Հիշեցնենք` Վոլոդյա Ավետիսյանը արդեն 11-րդ օրն է` «Վարդաշենք» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել` բողոքելով Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովի` մերժման մասին որոշումներից: Հանձնաժողովն արդեն երկու անգամ մերժել է ազատամարտիկի դիմումը վաղակետ ազատ արձակելու մասին, առանց որևէ հիմնավորում ներկայացնելու:
Այսօր Ավետիսյանի ընկերները հավաքվել էին կալանավայրի մոտ` հորդորելու նրան հետ կանգնել իր որոշումից, դադարեցնել հացադուլը, քանի որ դա կարող է վատ անդրադառնալ նրա առողջության վրա:
Սարուխանյանն ասաց, որ այս կալանավայրը «լափողների» տեղն է: Նրա խոսքով, Վոլոդյա Ավետիսյանի դեմ կատարվածը «դաժան հաշվեհարդար է»:
«Մենք վստահ ենք, որ Վոլոդյա Ավետիսյանի հարցը քաղաքական է, և նա քաղաքական որոշմամբ կարող է ազատ արձակվել: Բայց ինչևէ, մենք օգտագործեցինք մեր հնարավորությունը և դիմեցինք հանձնաժողովին, բայց ստացանք մերժում: Մի բառով` մերժել ու վերջ: Այդ ստրուկտուրան բռնատիրական ռեժիմի գործիք է, ում հարկ կհամարեն, կազատեն, ում հարկ չեն համարի, չեն թողնի», - կալանավայրի դիմաց հայտարարեց Սարուխանյանը:
Նախորդող հրապարակումներ`
Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համակարգը Հայաստանում չի գործում. Իրավապաշտպան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վոլոդյա Ավետիսյանի հետ
Ազատամարտիկը «Վարդաշեն»-ում հացադուլ է անում` իր ու մյուսների դիմումները մերժելու համար