Կարմիր խաչի ներկայացուցիչները դեռ չեն տեսակցել նոյեմբերի 16-ին գերեվարված հայ զինծառայողներին
Նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանագոտում Ադրբեջանի նախաձեռնած հարձակման ժամանակ գերեվարված հայ զինծառայողներին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռ չեն տեսակցել։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին:
«Այս պահի դրությամբ կարող եմ միայն հաստատել, որ ստեղծված իրավիճակի կապակցությամբ իշխանությունների հետ երկխոսության մեջ ենք։ Երկխոսության բովանդակությունը չենք կարող ասել, բայց մեզ համար, որպես միջազգային կազմակերպություն, կարևոր է կարողանալ ստանալ պաշտոնական հաստատում, որպեսզի այնուհետև կարողանանք անհապաղ տեսակցության դիմում ներկայացնել»,- ասաց նա։
Զ.Ամատունու խոսքով, ժամկետներ չկան. «Այո, անհապաղ է, բայց դեպքեր կան արագ է ստացվում, դեպքեր կան՝ մի քանի օրվա ընթացքում»։
Գերիների կոնկրետ թվի հետ կապված Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատուն ասաց, որ ունեն տարբեր տեղեկություններ։
«Հավաքագրել ենք, աշխատում ենք որոշակի տվյալների հետ, որոնք մեր ձեռքի տակ են, սակայն չենք կարող կիսվել հանրության հետ, նույնպես մեր կոնֆիդենցիալ երկխոսության մաս է կազմում»,- ասաց Զառա Ամատունին։
Նոյեմբերի 16-ին գերեվարված հայ զինծառայողների հստակ թիվ պատկան մարմինների կողմից չի նշվել։ Նոյեմբերի 23-ին կայացած առցանց ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ասել է. «Չճշտված տվյալներով, նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունների հետևանքով ունենք 24 գումարած 8 գերեվարված»։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է գերեվարված ՀՀ զինծառայողների վերաբերյալ տեսանյութերի ուսումնասիրություն, նույնականացում
- ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով
- Պայմանագրային զինծառայողի ընտանիքը նրա գերեվարման մասին իմացել է ոչ թե ՊՆ-ից կամ ԱԱԾ-ից, այլ թշնամու տարածած տեսանյութերից
- Ադրբեջանական ագրեսիայից 5 օր է անցել, սակայն անհետ կորած զինծառայողներից և գերեվարվածներից որևէ տեղեկություն չկա. Աբրահամյան
- ՊՆ. Հայկական կողմն ունի 1 զոհված, 13 գերեվարված զինծառայող, 24 անհետ կորած
- ՊՆ. Գերեվարվել է 12 զինծառայող