Ներսես Շնորհալի մահվան 850-րդ տարելիցը և Ազգային կինոկենտրոնի հիմնադրման 100-ամյա հոբելյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում
Նոյեմբերի 23-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ժամանակ Հայաստանի կողմից ներկայացված Ս. Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցը և Հայաստանի ազգային կինոկենտրոնի հիմնադրման 100-ամյա հոբելյանը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում 2022-2023թթ. երկամյակի համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Ս․ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցի հայտին աջակցել են Կիպրոսը, Իտալիան, Հունաստանը և Սիրիայի Արաբական Հանրապետությունը, իսկ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հիմնադրման 100-ամյակի հայտին՝ Ֆրանսիան, Ռուսաստանի Դաշնությունը և Վրաստանը։