Պիպոյան. Տեսչական մարմիններն ասում են՝ վա՜յ թունավորում եղավ, բայց չեն ասում՝ թունավորում եղավ, քանի որ չենք աշխատում
Հայաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում սննդի կետերում, զարգացման կենտրոնում, դպրոցում, ռեստորանում սնված քաղաքացիների շրջանում մասայական թունավորումները, աղիքային վարակի բռնկումը հետևանք են պետական համակարգում կառուցվածքային ոչ ճիշտ փոփոխությունների, անգործության ու սրտացավության բացակայության։ Panorama.am-ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Այս թունավորումների շղթայում նա մի օրինաչափություն է նկատել, գրեթե բոլոր դեպքերում քաղաքացիներն օգտագործել են թռչնամիս։
«Տարիներ շարունակ խոսակցություններ են եղել, որ կան ներմուծողներ, որոնք հավը այլ երկրներից բերում են, այստեղ տարբեր ԱՁ-ների են վաճառում, իսկ վերջիներս էլ հալեցնում են ու տեղական արտադրանքի անվան տակ վաճառում։ Հիմա պայմանական անուններ եմ տալիս, կարող է պարզվի, որ ԱՁ Համբարձում Համբարձումյանը, ԱՁ Պողոս Պողոսյանը, ԱՁ Գառնիկ Գրիգորյանը նույն ընկերությունից են հավ ձեռք բերում։ Այս շղթան պարզելու համար պետք է նաև փաստաթղթային ուսումնասիրություններ անել»,-ասաց Բաբկեն Պիպոյանը։
Նրա խոսքով, ըստ էության, սննդի ողջ շղթայի անվտանգության պատասխանատուն ՍԱՏՄ-ն է, սական տեսչական մարմինը կարող է ասել, որ իրենք այդ գործառույթն իրականացնելու իրավասություն չունեն։
«Օբյեկտիվորեն ճիշտ կլինեն, ես նման կանխատեսում արել էի այն ժամանակ, երբ ծառայության մոդելն անցում էր կատարում տեսչական մարմնի ու այս մեթոդաբանությամբ աշխատելուն։ Ես դեռ ՍԱՏՄ կառավարման խորհրդում էի, երբ հայտարարեցի այս ռիսկերի մասին, բոլորին ասացի՝ ճիշտ կանեք հրաժարվեք աշխատել, քանի որ չեք կարող այդ մեթոդաբանությամբ սննդի իրական անվտանգություն ապահովել։ Այն ստուգաթերթով որ ստուգում է իրականացվում, նույնիսկ 100 տոկոս համապատասխանության դեպքում, չի երաշխավորվում սննդամթերքի 100 տոկոսանոց անվտանգություն»,-նշեց նա։
Պիպոյանի խոսքով, գործող մեթոդաբանությամբ պետությունն առաջնորդվում է բիզնեսի շահերով։
«Այս ստուգաթերթով ստուգումների իրականացման համար մասնագիտական հմտություններ պետք չեն, այն կարող է իրականացնել նույնսիկ չորրորդ դասարանի երեխան։ Եթե մենք սննդի անվտանգությունը բերել հասցրել ենք այս մակարդակի վրա, այլ բան չի էլ կարելի սպասել»,-մանրամասնեց Պիպոյանը։
Նա ընդգծեց, նախ գործը լիարժեք արված չէ, եթե ասում են, սննդի շղթայի օպերատորը գրանցված չէ ՍԱՏՄ-ում, ապա դա նշանակում է, որ այդ օպերատորի մոտ որևէ ստուգում չի իրականացվել, հույսները դրել են օպերատորի բարեխղճության վրա։
«Այս դեպքերից հետո լիազոր մարմինը փորձե՞լ է ժամանցի, խնամքի, կրթական հաստատություններին սննդի ծառայություն մատուցող ընկերությունների վերաբերյալ ինֆորմացիա հավաքագրել, մոնիտորինգ իրականացնել, փորձե՞լ է. Օրինակ, փորձե՞լ է Երևան քաղաքի մանկապարտեզների մատակարարների մասին տեղեկատվություն հավաքագրել, գնալ ստուգում անել, հասկանալ, իրենք սննդի պահպանման պայմաններն ապահովում են, թե՞ ոչ։ Վաղը եթե աստված մի արասցե, էլի թունավորում գրանցվի, բոլորը ճիշտ ժամանակին կհայտնվեն, կլինեն ճիշտ տեղում, կասեն՝ պարզեցինք, մատակարարը մեզ մոտ գրանցված չէր»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ այս ամսվա ընթացքում աղիքային վարակի դեպքեր գրանցվեցին նաև «Էլկա» զարգացման կենտրոնում։ ՍԱՏՄ-ն հայտարարեց կենտրոնի գործունեության կասեցման ու հայտնաբերած բազմաթիվ խախտումների մասին։
««Էլկա» մանկական զարգացման կենտրոնը գրանցված չի եղել ՍԱՏՄ սննդի շղթայի օպերատորների բազայում, ուստի և դուրս է մնացել Տեսչական մարմնի վերահսկողության շրջանակից: Սննդի շղթայի օպերատորների բազայում չգրանցվելու համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն՝ 100000 դրամի չափով»,-հայտնել էին ՍԱՏՄ-ից։
Բացի կառուցվածքային ոչ ճիշտ փոփոխություններից, Պիպոյանի գնահատմամբ, հավասար մակարդակի վրա են դրվել բիզնեսի շահն ու սննդի անվտանգությունը, մինչդեռ վերջինը պետք է գերակա հայտարարվի։
«Եթե ուզում են բիզնեսին աջակցել, ապա կա էկոնոմիկայի նախարարություն, իսկ վերահսկող մարմնի թույլ վերահսկողությունն աջակցություն չէ։ Բացի այդ, այն գործիքակազմը, որն այսօր ունի տեսչական մարմինը, լիարժեք կերպով, սրտացավությամբ չի կիրառել։ Դա էլ իր հերթին հետևանք է ոչ սրտացավության, ոչ կոմպետետության, ինչպես նաև այն մտայնության, որ մեկ է, լիարժեք կիրառման դեպքում էլ լավ արդյունք ապահովել չենք կարող։ Սակայն եթե այդ գործիքակազմը նման հնարավորություն չի տալիս, ճիշտ կլինի ասել, մենք չենք աշխատում այս գործիքակազմով։ Ես չէի աշխատի, համարում եմ, որ սա տանում է փակուղի»,-ասաց Պիպոյանը։
Այս ամենը հանգեցնում է մարդու կյանքի, առողջության սպառնացող վտանգների, սպառողների շահերի ոտնահարման։ Պիպոյանը հիշեցում է, որ ավելի քան մեկ տարի առաջ ալկոհոլի հետևանքով գրանցվեցին մահվան դեպքեր, սակայն մինչ օրս շատ հարցերի պատասխաններ մնացել են անպատասխան, պատժվողներ ու վարչական պատասխանատվության ենթարկվողներ չեն եղել։
«Մինչ այսօր մենք չունենք այն հարցի պատասխանը, թե որ պետական մարմինների վատ աշխատանքի կամ անգործության հետևանքով է , որ մենք ունեցել ենք մահացածներ։ Հիմա բարձրագույն իշխանությունը պետք է ասի՝ մարդու կյանքը բարձրագույն արժեք է, և բոլոր գործողությունները տանի այդ ուղությամբ, ոչ թե կարևորի բիզնես շահը։ Քանի դեռ այս մեթոդաբանում ենք աշխատում, ունենալու ենք պրոբլեմ։ Բայց ես կրկնում եմ՝ առկա գործիքակազմն էլ լավ չի օգտագործվել։ Պետական մարմիններն առաջանորդվում են այս սկզբունքով, վայ, թունավորում եղավ, գնացինք, տեսանք, նկարվանք, բայց չեն ասում, չաշխատեցինք, դրա համար էլ թունավորում եղավ»,-ընդգծեց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Երեմյան փրոջեքթս»-ի ռեստորանի մակերեսներից և աշխատակիցների ձեռքերից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ
- «Տաթև»-ի չորս սան գտնվում են հիվանդանոցում
- «Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանում թունավորվածներից 3-ը շարունակում են մնալ հիվանդանոցում
- Չնայած թունավորումների ու մարդկանց տանջանքներին՝ «Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանները շարունակում են գործել
- «Տաթև» դպրոցի 10 սանի մոտ եղել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ, 2 երեխա հոսպիտալացվել է
- «Բուրգըրի»-ում և «Պանդոկ Երևան»-ում սնված քաղաքացիների մոտ աղիքային վարակ է արձանագրվել
- «Տաշիր Պիցցա»-ի երևանյան բոլոր մասնաճյուղերում այսօրվանից ստուգումներ կիրականացվեն
- «Էլկա» մանկական զարգացման կենտրոնի գործունեությունը կասեցվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան