Սամվել Մարտիրոսյան. Մեկ թիրախին Pegasus-ով վարակելու համար մի քանի տասնյակ հազար դոլար կարող է ծախսվել
«Pegasus-ը շատ լուրջ, վատ և վտանգավոր ծրագիր է։ Դրանով հեռախոսը վարակելը շատ հեշտ է։ Սա ծրագիր է, որը իսրայելական NSO Group-ը վաճառում է միայն պետական կառույցներին»,-խոսելով հայաստանցի օգտատերերի՝ գաղտնալսման մասին Apple-ից ստացած զգուշացնող նամակների մասին, Panorama.am-ին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Նրա խոսքով, քիչ չեն դեպքերը, երբ պետական կառույցները չարաշահում են ծրագիրն ու այն օգտագործում են լրագրողների, ընդդիմադիր գործիչների դեմ։
Հիշեցնենք, որ այսօր ընդդիմադիր պատգամավոր, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց՝ ունի փաստացի տվյալներ այն մասին, որ հարձակում է իրականացվել տխրահռչակ Pegasus ծրագրով ոչ միայն իր, այլև մերձավոր շրջապատի և ընտանիքի անդամների հեռախոսների վրա։
«Այն բավականին թանկ ծրագիր է, խոսքը վերաբերում է մեկ թիրախի համար մի քանի տասնյակ հազար դոլարներ ծախսելուն՝ կախված այն բանից, թե թիրախն ինչքան զգուշավոր է։ Այնպես չէ, որ այս ծրագիրն աջ ու ձախ կարող են օգտագործել»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը։
Նա նշեց, տարբեր երկրների փորձը ցույց է տվել, որ գաղտնալսող ծրագիրը կարող է կիրառվել ինչպես այլ երկրների դեմ, այնպես էլ ներքին շրջանակում։
«Ամեն դեպքում այն հասանելի ծրագիր է միայն պետությունների ու պետական մարմինների համար»,-ընդգծեց Մարտիրոսյանը։
Փորձագետի խոսքով, գաղտնալսող ծրագիրն աշխատում է նաև Android համակարգում։
«Սա եղած ծրագրերից ամենավտանգավորն է։ Ստանում է ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև գաղտնալսելու, կամերան, դիկտոֆոնը միացնելու, ֆայլեր, նկարներ գողանալու հնարավորություն»,-մանրամասնեց նա։
Մարտիրոսյանի խոսքով, քանի որ ծրագիրը թանկ հաճույք է, այն շատ մարդկանց չի սպառնում։ Իսկ ովքեր թիրախավորվել են, պետք է զգույշ լինեն, դիմեն մասնագետին, միշտ թարմացված պահեն հեռախոսի օպերացիոն համակարգերը։
Գաղտանլսող ծրագրից ազատվելու համար փորձագետը հորդորում է հետևել Apple-ի խորհուրդներին։
Հարակից հրապարակումներ`
- Ագնեսա Խամոյան. «Ըստ օդում կախված լուրերի» «ժողվարչապետը» անգամ սեփական թիմակիցների հեռախոսներն է հսկում
- Գեղամ Մանուկյան. Թանկարժեք ծրագրերով գաղտնալսում են մարդկանց, երբ առաջնագիծը կահավորված չէ
- Apple-ը հաստատել է հայաստանցի օգտատերերի դեմ Pegasus-ի օգտագործումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան