Մատենադարանում կցուցադրվեն Իրանի Ղաջարական դարաշրջանի նկարազարդ ձեռագրեր, ծագումով հայ Սևրուգինի լուսանկարները
Նոյեմբերի 25-ին Մատենադարանում կբացվի Իրանի Ղաջարական դարաշրջանի մշակույթին նվիրված ցուցադրություն, ինչպես նաև կկայան Քրիստինե Կոստիկյանի «Մատենադարանի պարսկերեն հրովարտակները» գրքի շնորհանդեսը։
Միջոցառումները նվիրված են Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, որին ընդառաջ Մատենադարանում մեկնարկել էր Իրանի մշակույթի օրեր։
Ցուցադրությունը և գրքի շնորհանդեսը տեղի կունենա Մատենադարանի թանգարանային համալիրում:
«Հայ-իրանական քաղաքական, պատմական ու մշակութային առնչությունները գալիս են հազարամյակների խորքից: Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում են հարյուրավոր պարսկերեն ձեռագրեր և վավերագրեր, որոնք առավել ակնառու են դարձնում երկու ժողովուրդների դարավոր կապերը: Իրանական հավաքածուն ամենահարուստներից է Մատենադարանի օտարալեզու ձեռագրերի շարքում։
Ցուցադրության շրջանակում ներկայացվելու է Մատենադարանում առկա Ղաջարական դարաշրջանի հրովարտակներ, նկարազարդ ձեռագրեր, այդ ժամանակաշրջանին բնորոշ ինքնատիպ կազմեր և Ղաջար թագավոր Նասեր Էդ-Դին շահի անձնական լուսանկարիչ ծագումով հայ Անթուան Սևրուգինի լուսանկարները։ Առաջին անգամ ցուցադրվելու են արվեստաբան Իվեթ Թաջարյանի անձնական հավաքածուից հախճապակե սալիկներ հագուստ և դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ»,- նշում են Մատենադարանից։
«Մատենադարանի պարսկերեն հրովարտակները» գիրքը հրատարակվել է «Գուրգեն Մելիքյանի Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների» հիմնադրամի հովանավորությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները