Չալաբյան. Անհրաժեշտ է համազգային մոբիլիզացիա
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն ԱԺ ամբիոնից իր աջակցությունը հայտնեց խորհրդարանական լսումներում քննարկման դրված «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով ԱԺ հայտարարության նախագծին։
«Տեքստը համապատասխանում է օրվա հրամայականին»,- ասաց նա։
Չալաբյանը նշեց, որ այս պայմաններում սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների իրականցումը նշանակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում խորհրդային սահմաններով, և ըստ էության հրաժարում Արցախի անկախության համար հետագա պայքարից։
«Ուստի, դելիմիտացիայի ու դեմարկացիայի ցանկացած ծրագիր ժամանակավրեպ է առանց ունենալու խաղաղության համապարփակ ծրագիր»,- ասաց նա։
Չալաբյանն ընդգծեց, Արցախի հարցի լուծում գոյություն չունի առանց ուժային հավասարակշռության և հայկական կողմի այն ուժային ռեսուրսի, որը հնարավարություն կտա ազգային շահերը հետևողականորեն իրացնել։
«Մենք այսօր կանգնած ենք բարդ ընտրության առաջ։ Մենք կարող ենք ամեն օր հավաքվել, խոսել, իսկ այդ ընթացքում Հայաստանի տարածքը՝ կրճատվել, Ադրբեջանը նորանոր ներխուժումներ կիրականացնի՝ օգտվելով գործադիր իշխանության ամեն ու հերթական սխալից, որպեսզի հերթական տարածքում դիրք գրավի, ճանապարհ վերցնի, ու հետո մեզ սահմանազատում ու սահմանագծում պարտադրի։ Եթե մենք ուզում ենք այդ ընթացքը կանխել, պետք է հասկանանք, որ դա հնարավոր է համազգային մոբիլիզացիայի արդյունքում։ Պետք է տեղի ունենա մոբիլիզացիա երկրի պաշտպանության գործին լծված հրամանատարների շուրջ»,- ասաց Չալաբյանը։
Դրա համար, նրա խոսքով, պետք է վերականգնել ռազմական ու ռազմավարական հնարավորությունները, որոնք պատերազմի հետևանքով զգալի չափով փոշիացվել են։
«Իրողությունն այն է, որ մեր անվտանգային միջավայրը գործոն էր տարածաշրջանում, իսկ այսօր այն այդպիսին չի հանդիսանում»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Ղազարյան. Փաշինյանը ինչո՞ւ չի հրավիրվել ԱԺ՝ ներկաներին տհաճություն չպատճառելո՞ւ համար
- Սեյրան Օհանյան. Պետք է թույլ չտալ նոր իրողության պարտադրումը, որն անշրջելի կդարձնի կապիտուլյացիան