Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման դեմ բողոքների քննությունն ավարտվեց
Վերաքննիչ քրեական դատարանն ավարտել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման դեմ բողոքների քննությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։
«Նախորդ դատական նիստին մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդել էր դիմել ՍԴ դիմելու և վարույթը կասեցնել։ Միջնորդության մեջ Բաղդասարյանը հղում էր արել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի դիմումի վերաբերյալ ՄԻԵԴ որոշման։ Դատախազի կարծիքով, այդ որոշումը կարող է նոր հիմնավորում լինել Վերաքննիչի կողմից ՍԴ դիմելու համար։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը այօրվա նիստին հայտարարեց, որ սույն դատավարության ընթացքում այդ փաստաթուղթը չունի որևէ իրավական նշանակություն։ Դրա մեջ չկա որևէ իրավական մեկնաբանություն, որը ՀՀ Դատական օրենսգրքի իմաստով պարտադիր է դարձնում այս դատարանի համար ՄԻԵԴ-ի մեկնաբանությունը։ Ըստ պաշտպանի՝ դատախազության ներկայացրած փաստաթուղթը չի կարող դիտվել որպես փաստական հանգամանք։
«Այս փաստաթուղթն ունի կարևոր նշանակություն, բայց ոչ սույն քրեական գործի քննության շրջանակներում։ ՄԻԵԴ որոշումը, որ կայացվել է որևէ անձի բողոքով, ում հնարավորություն չի տրվել հրատարակել իր թերթը, չի կարող էական նշանակություն ունենալ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի շարունակության վրա այն պայմաններում, երբ Քր․ Օր․-ի սահմանադրական կարգի տապալման հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական», - ընդգծեց Օրբելյանը։
Նա հիշեցրեց, որ ՍԴ-ն, քննարկելով Քր․ Օր․-ի 300․1 հոդվածը, չի ասել, որ այն համաչափ չէ կամ կա տեխնիկական որևէ խնդիր, այլ ՝ բարձրացրել է ամբողջ 300․1 հոդվածի որոշակիության խնդիրը։
Օրբելյանի կարծիքով՝ դատախազության միջնորդությունը պետք է թողնվի առանց քննության, եթե ոչ, ապա պետք է մերժվի, իսկ եթե չմերժվի, ապա լուծումը պետք է հետաձգվի։
Իր հերթին պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ դատախազության միջնորդության բավարարումն անթույլատրելի է, որովհետև պարունակում է փաստական և իրավական բազմաթիվ սխալներ և թերացումներ․ դատախազության դիրքորոշումը ներկայացվում է իբրև ՄԻԵԴ-ի դիրքորոշում։
Պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ դատավարության յուրաքանչյուր մասնակից և դատարանները ՍԴ դիմելու մեկ հնարավորություն ունեն․ դատախազությունը կարող է դիմել ՍԴ գործի նախաքննության փուլում։ Սակայն այդ ընթացքում դատախազությունը չէր տեսնում այդ հոդվածի որոշակիության խնդիրը, չնայած, որ դրա մասին բազմիցս և հրապարակավ խոսել են հենց պաշտպանները։
«Իսկ հիմա դատախազությունը դատարանի ձեռքով փորձում է իր իսկ ստեղծած պրոբլեմը լուծել։ Այդ փուլը դատախազները բաց են թողել սեփական անբարեխղճության պատճառով», - նշեց Ալումյանը։
Օրվա վերջում դատարանը հայտարարեց բողոքների քննության ավարտ և հեռացավ խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի վաղը՝ նոյեմբերի 26-ին, ժամը 17։00-ին»,- նշվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին