Սպառողական գները մեկ տարում աճել են 9.1 %-ով. Վիճակագրական կոմիտե
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2021թ-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.3%-ով, մինչդեռ հոկտեմբեր ամսվա ՏԱՑ-ը սեպտեմբերի համեմատ նվազել է՝ 4.9%-ով:
Տարեկան կտրվածքով՝ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ ՏԱՑ-ն աճել է 3.6%:
Հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունաբերության ոլորտում արտադրանքի ծավալն աճել է 9.9%-ով, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ՝10.8%-ով, իսկ ամսական կտրվածքով՝ 0.2%-ով:
Այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են 3.1%-ով, ծառայությունների ծավալն աճել է 6.4%-ով, իսկ շինարարության ոլորտում գրանցվել է 5.9%-ի աճ:
Ըստ կոմիտեի՝ առևտրաշրջանառության ծավալներն այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 7%-ով, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ՝ 12.7%-ով, իսկ սեպտեմբերի համեմատ նվազել է 3.8%-ով։
Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա վիճակագրության համաձայն, հունվար-հոկտեմբերին գներն աճել են 6.9%-ով, մեկ տարում՝ 9.1 %-ով, իսկ սեպտեմբերի համեմատ՝ 0.7%-ով:
Արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13.6 %-ով, սեպտեմբերի համեմատ` 12.5%-ով, իսկ տարեկան կտրվածքով՝ 24.1%-ով: Այս տարվա 10 ամիսներին արտահանումն աճել է 16.9%-ով, իսկ ներմուծումը՝ 11.8%-ով: