Հոլանդիան աջակցում է «Հայաստանի եվրոպական ապագա»-ին
«ՖՄ-105.5» ռադիոկայանով մեկ ամսից ավելի է շաբաթական երեք անգամ թողարկվում է «Հայաստանի եվրոպական ապագա» հաղորդաշարը: Նախատեսված 30 հաղորդումից արդեն եթեր է հեռարձակվել 15-16-ը:
Ռադիոկայանի խմբագիր Արմեն Հովհաննիսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ սա իրենց առաջին ծրագիրը չէ նվիրված CEPA-ին՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին:
«2018 թվականին մի ծրագիր արել ենք Եվրոպական միության դեսպանատան հետ: Շատ տարբեր հաղորդումներ էին ներառված ծրագրում, նաև մշակույթի հետ կապված:
Մեր ողջ խմբագրության կարծիքն է, որ Հայաստանի միակողմանի կախվածությունը՝ քաղաքական, տնտեսական և այլ հետևանքներով, ՌԴ-ից, ԵԱՏՄ-ից շատ վատ է, Հայաստանը պետք է առնվազն դիվերսիֆիկացնի իր կապերը և CEPA-ն հոյակապ հնարավորություն է դա անելու համար»,- ասաց նա:
Ըստ Ա. Հովհաննիսյանի, ծրագրի նպատակն է հանրային պահանջարկ առաջացնել CEPA-ի իրագործման հանդեպ:
Նա հայտնեց, որ ծրագիրը ֆինանսավորվում է Հոլանդիայի կառավարության կողմից: