15-ամյա ընդմիջումից հետո վերականգվում է բռնցքամարտի աշխարհի գավաթի թիմային խաղարկությունը
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նորընտիր նախագահ, ռուսաստանցի Ումար Կրեմլյովի նախաձեռնությամբ, կազմակերպության գործադիր կոմիտեի որոշումով, 2022թ. տեղի կունենա աշխարհի գավաթի թիմային խաղարկությունը: Մրցավայր է ընտրված Ռուսաստանի Դաշնությունը:
ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, այդ երկրի 15 մարզերում, ավելի քան 40 երկրների պատվիրակների մասնակցությամբ, նախ կանցկացվեն խմբային մրցաշարերը: Լավագույններն այնուհետև հանդես կգան Մոսկվայում նշանակված գլխավոր եզրափակիչում, որտեղ կորոշվեն աշխարհի գավաթակիրներն ու մրցանակակիրները:
Ընդհանրապես, բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկության սկիզբը դրվել է 1979 թ.: Մրցումների ձևաչափը և հաճախականությունը երբեմն փոփոխություն է կրել: 1979-1998թթ. գավաթը խաղարկվել է երկու տարին մեկ, ապա՝ քառամյակը մեկ անգամ: 2002-2006թթ. տեղի է ունեցել թիմային երեք մրցաշար, որին կրկին հաջորդել է անհատականը /2008թ./:
Միջազգային պատվավոր այդ ստուգատեսում հանդես են եկել նաև կաշվե ձեռնոցի հայաստանցի վարպետները: Երևանցիներ Իսրայել Հակոբկոխյանը /67 կգ/, Նշան Մունչյանը /48 կգ/ և էջմիածինցի Անդրանիկ Հակոբյանը /75 կգ/ դարձել են գավաթակիրներ:
Արծաթե մեդալներ են նվաճել երևանցիներ, գերծանրքաշային Խորեն Ինջեյանը, Ալբերտ Նիկոլյանը /81 կգ/, վանաձորցի Սամսոն Խաչատրյանը /57 կգ/, երևանցի Նշան Մունչյանը /48 կգ/: Բրոնզե պարգևի են արժանացել Սամսոն Խաչատրյանը /57 կգ/, վանաձորցի Վախթանգ Դարչինյանը /51 կգ/, երևանցիներ Արամ Ռամազյանը /54 կգ/ և Արտյոմ Սիմոնյանը /57 կգ/:
Մեդալակիրների ցանկը հուշում է, որ Սամսոն Խաչատրյանը և Նշան Մունչյանը աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի մրցանակակիր են:
Բռնցքամարտի աշխարհի գավաթի թիմային վերջին խաղարկությունը տեղի է ունեցել 2006թ.: 15-ամյա ընդմիջումից հետո վերականգվում է այդ հեղինակավոր ստուգատեսը: