Էլինար Վարդանյան. Քովիդը և բազմամարդ հերթերը
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Մեր երկրում քովիդի դեմ պայքարը շարունակում է մնալ սիրողական մակարդակի:
Կանխարգելման համակարգերը գրեթե չեն գործում: Այս ուղղությամբ լուրջ քայլեր չեն արվում, իսկ արվողներն էլ կա´մ թերի են, կա´մ կոսմետիկ բնույթ են կրում:
Բարդ է քաղաքացիներին համոզել համավարակի սրման փաստում, եթե պետության կողմից հանրային տրանսպորտում չի երաշխավորվում համաճարակային անվտանգության որևէ նորմ: Լեփ լեցուն կանգառներ, լեփ լեցուն միկրոավտոբուսներ ու ավտոբուսներ։ Քաղաքացին ստանում է ուղիղ մեսիջ՝ խնդրին անլուրջ վերաբերվելու։ Արդյունքում քաղաքացին վերելակ նստելիս, տրանսպորտ նստելիս, խանութ մտնելիս, բազմամարդ հերթերում չի կրում դիմակ և չի պահպանում որևէ սոցիալական հեռավորություն։ Դա վարակի տարածման ամենապարարտ միջավայրն է։ Իսկ դա նշանակում է նոր հիվանդներ, նոր մահեր:
Դժվար է խոսել համավարակի լրջության մասին, եթե համայնքապետարանում հսկայական հերթեր են` գույքահարկի վճարման համար: Բազմաթիվ մարդիկ սպասում են գույքահարկ վճարելու իրենց հերթին: Սպասարկող աշխատակիցը երկար մատյաններում փնտրում է հարկատուին, հետո շատ երկար լրացնում է վճարման անդորրագիրը, մի մասը պատռում, վերադարձնում, հետո հարևան սենյակներում փնտրում վճարած գումարի մանրը, իսկ հերթը կուտակվում է և կուտակվում: Այս պայմաններում զավեշտալի է խոսել քովիդի կանխարգելման մասին:
Անկեղծ լինելու համար, նշենք նաև, որ ստեղծվել է գույքահարկի վճարման էլեկտրոնային միասնական համակարգ, որը թվում է, թե պետք է թեթևացներ խնդիրը: Բայց այստեղ պատուհաններից մեկում պահանջվում է լրացնել անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը, ինչը անշարժ գույքի հին վկայականներում չկա, իսկ նոր վկայական չունեն քաղաքացիների մեծամասնությունը: Փորձեք գույքահարկի ծածկագիր գտնել նախկինում ձեռքով լրացված վճարումների անդորրագրերում, անհույս է: Մանրո՞ւք է, միգուցե: Բայց սա նպաստում է հերթերի գոյացմանը, հետևաբար նաև քովիդի տարածմանը:
Քովիդի օրինակով մենք պարզ տեսնում ենք, որ պետությունը կազմակերպվածության այն մակարդակին չէ, որ կարողանա որևէ ոլորտում արդյունավետ ծրագիր իրականացնել»։
Հարակից հրապարակումներ`
- Էլինար Վարդանյան. ԱԽՔ-ի հայտարարությունից պարզ է, որ Գորիս-Կապան մայրուղին վերջնականապես նվիրել են Ադրբեջանին
- Էլինար Վարդանյան. Սեպտեմբերի 27-ը` Արցախի խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման և պատերազմի զոհերի հիշատակի օր
- Էլինար Վարդանյան. Չի կարող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերը շոշափող նախագիծը ներկայացվել առանց պատշաճ հիմնավորման
- Էլինար Վարդանյան. Մթնոլորտը դառնում է պայթունավտանգ
- Էլինար Վարդանյան. Ռ. Քոչարյանի ասուլիսի արձագանքների ամփոփ պատկերը
- Էլինար Վարդանյան. Քովիդը քանդված երկրում
- Էլինար Վարդանյան. Ո՞վ է պատասխան տալու ՊՇՌ թեստերի թալանի համար
- Էլինար Վարդանյան. Բերման ենթարկվածների մեջ զոհված զինածառայողների ընտանիքի անդամներ են