Ինձ համար անընդունելի և տարօրինակ է թեստավորման գների միջև առկա ոչ աննշան տարբերությունը. ՍԴ դատավոր
Նախքան Սահմանադրական դատարանում սեփական միջոցներով պարտադիր թեստ հանձնելու կամ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու վերաբերյալ առողջապահության նախարարի հրամանի սահմանադրականության հարցի քննությունը, հարցով զեկուցող ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը խնդրել է առողջապահության նախարարության դիրքորոշումը կովիդ թեստերի թեստավորման գնագոյացման վերաբերյալ, պատասխանը եղել է, որ իրենց լիազորությունների շրջանակից դուրս է, իրականացնում են մասնավոր լաբորատորիաները:
«Արդյո՞ք պարզել եք, թե ում իրավասության մեջ է, ունե՞նք հարցի պատասխանը, թե՞
ոչ»,- այսօր ՍԴ-ում գործի քննության ժամանակ հարցրեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը դատավոր Էդգար Շաթիրյանից:
Վերջինս պատասխանեց. «Առողջապահության նախարարին հարցն ուղղել եմ ոչ պատահական, քանի որ համապատասխան պարտականություն աշխատողների վրա դրվել է հենց նախարարի հրամանով: Բուն իրավասության ոլորտում՝ միգուցե Մրցակացության պաշտպանության հանձնաժողովն է, բայց այս դեպքում խնդիրն ինձ համար ոչ թե որ պետական մարմնի իրավասության ներքո է, այլ թեստավորման գների միջև առկա ոչ աննշան տարբերությունը, օրինակ մի դեպքում 7000 դրամ է թեստավորման արժեքը, մեկ այլ դեպքում 15 հազար: Ինձ համար սա անընդունելի և տարօրինակ է: Այս հարցի պատասխանն եմ ցանկացել ստանալ»:
Հ. Թովմասյանն արձանագրեց, որ այս պահին այս հարցի պատասխանը դատարանի տրամադրության տակ չկա:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը բանավոր ընթացակարգով քննում է «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ ներկայացուցչի լիազորագիրը թերի է ուղարկվել ՍԴ
- ՍԴ-ն քննում է սեփական միջոցներով թեստ հանձնելու կամ պատվաստվելու վերաբերյալ ԱՆ հրամանի սահմանադրականության հարցը
- ՍԴ-ն վաղը կքննի ընդդիմադիր պատգամավորների դիմումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան