Նաիրա Զոհրաբյան. Ի՞նչ կանեի ես այսօր՝ Սոչիում, եթե լինեի ՀՀ վարչապետը
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է.
«Այսօր Սոչիում նախատեսված է Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում։ Օրակարգը՝ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակում, դելիմիտացիա ու դեմարկացիա։
Ըստ ամենայնի, կստորագրվի փաստաթուղթ, կամ կընդունվի հայտարարություն՝ ստեղծել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով, սկսել տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման գործըընթացը։
Ի՞նչ կանեի ես այսօր Սոչիում, եթե լինեի ՀՀ վարչապետը։
Սահմանազատման-սահմանագծման հանձնաժողով ստեղծելու որևէ փաստաթուղթ ստորագրելոց առաջ որպես լեգիտիմ նախապայման կբարձրացնեի 44-օրյա և նոյեմբերի 16-ի պատերազմների ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձը։
Մեկ տարի առաջ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության 8-րդ կետը, որտեղ նշված է՝ «տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»՝ մինչ այս պահը չի իրականացվել։ Որևէ փաստաթուղթ չպիտի ստորագրվի՝ մինչև չլինի հրապարակային հավաստիացում, որ տղաները անհապաղ ազատ են արձակվելու։
Առ այս պահը Ադրբեջանը հրաժարվում է որևէ տեղեկություն տրամադրել նոյեմբերի 16-ին գերեվարվածների մասով, մինչդեռ տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությամբ՝ ունենք 32 գերի, որոնցից մեկը՝ ծանր վիրավոր՝ Վանաձորից։
Սա պիտի լինի առաջին նախապայմանը։
Երկրորդ՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացը չպիտի կապվի Արցախի խնդրի հետ։ Չպիտի դրվի տարածքների ճանաչման խնդիր՝ մինչև Արցախի կարգավիճակի լուծումը։ Այս գործընթացը պիտի թողնել ԵԱՀԿ Մինսկի խմբին և կարծես թե այս հարցի շուրջ կա միջազգային հանրության կոնսեսուսը։
և երրորդ՝ եթե ես լինեի վարչապետ, ապա այսօր Սոչիում ևս մեկ անգամ որպես հստակ նախապայման, որը պիտի արձանագրված լինի պատրաստված կամ պատրաստվելիք տեքստում՝ ապաշրջափակված կապուղիների վերահսկողությունը մեր տարածքում պետք է լինի բացառապես մեր սուվերենության ներքո»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան