Սանկտ Պետերբուրգից Ուզբեկստան թռչող ինքնաթիռը ուղևորուհու ծննդաբերության պատճառով վայրէջք է կատարել Նիժնի Նովգորոդում
Սանկտ Պետերբուրգից Ուզբեկստան թռչող ինքնաթիռը Նիժնի Նովգորոդում վայրէջք է կատարել ուղևորներից մեկի ծննդաբերության պատճառով։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով Նիժնի Նովգորոդի օդանավակայանի մամուլի ծառայությանը։
Նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը՝ Մոսկվայի ժամանակով 1:32-ին, Սանկտ Պետերբուրգ-Նամանգան (Ուզբեկստան) չվերթն իրականացնող «Աերոֆլոտ»-ը վայրէջք է կատարել Նիժնի Նովգորոդի Չկալով օդանավակայանում:
«Ինքնաթիռի հրամանատարը վայրէջք է խնդրել ուղևորներից մեկի ծննդաբերությունը սկսվելու պատճառով: Օդանավակայանի աշխատակիցները շտապօգնություն են կանչել: Ինքնաթիռի վայրէջքից հետո ուղևորն ու նորածինը տեղափոխվել են քաղաքի հիվանդանոցներից մեկը: Ավելի քան մեկ ժամ անց օդանավը շարունակել է թռիչքը դեպի իր նպատակակետը», - գործակալությանը հայտնել են օդանավակայանից։