Կիսաթրաշ, կիսամանդատ, կիսակյանք, կիսականք
Այսօր կրկին կկայանա եռակողմ հանդիպում՝ Պուտին, Ալիև, Փաշինյան։ Չգիտեմ՝ Փաշինյանին կրկին թրաշը թեթևացնել կտան մինչև վարդագույն մաշկը, թե այլ կերպ էլի կստորացնեն, բայց՝ նիվպեռվոյ։ Չգիտեմ՝ էլի գողտուկ 18+ հայացքներ կգցեն Ալիևն ու Փաշինյանը իրար, թե այս անգամ մեր զոհերը այդքան շատ չեն՝ մի ամբողջ երիտասարդ սերունդ, ու կորցրածներս մի ամբողջ հայրենի Արցախ չէ, այլ՝ թել դարձող Սյունիք, որ Ալիևը սեղմած բերանով ու աչքի տակով ստուգի՝ հո Նիկոլի մեջ թասիբ ու մարդ չի՞ արթնացել, հանկարծ կարո՞ղ է մարդավայել իրեն պահի...
Նիկոլի անցած կիսաթրաշ կերպարը լրիվ արտահայտում էր իր էությունը՝ համ՝ ոնց ասեք, համ՝ մի թեթև որոշողի մորուք թողեք։
Անեկդոտ կա, է՞. «Տղամարդ եմ, խոսքիս տերն եմ՝ սեղանի տակից դուրս չեմ գա»։
Նիկոլն է։
Նիկոլի մասին խոսելն սկզբունքորեն ավելորդ է՝ ամեն ինչ պարզ է, լսելն ավելորդ է՝ ամեն ինչ դեռ մի տարի առաջ «ասված», ցույց տրված է, մարդավայել բան սպասելն ավելորդ է, հայհոյելն ավելորդ է, ստորացնելն ավելորդ է.. Ինքն իմունիտետ ունի՝ պատիվ ու մարդկություն չունի։
Չկա Նիկոլի քաղաքականություն, կա Ալիևի ցանկություն ու Պուտինի թույլտվություն կամ առարկում այդ ցանկությանը՝ սա պիտի ընդամենը աչքի տակ ունենալ։ Չկա հայկական իշխանություն, որ մոռացկոտությամբ ու հանկարծ հիմարավարի-անհիմն ու հայավարի ծնված հույսով նրանից հայամետ քայլեր բիրդան սպասեք։ ՉԿԱ։ Վերջ։ Առաջ անցնենք։
Անմանդատ ԱԺ, որ կոճակ սեղմելով ընդամենը կառավարության կույրաղիք է։ Չկա այս իշխանությունը, որ խորհրդարանային ընդդիմությունից էլ արդյունք սպասենք։
Ես չեմ սպասում։ Կավեէնի ներկայացում դարձած այս անդադար ելույթները ես չեմ էլ ուզում լսել՝ ոչ մի դուզ ասած խոսք իմ սիրտը չի հովացնում, ոչ մի ընդդիմական քվեարկություն արդյունք չի բերում։
Ու՞մ է պետք այս կիսամանդատ վիճակը՝ խոսել կարող եք, արդյունք տալ՝ չէ։
Ավելին ասեմ՝ այն, որ ընդդիմությունը իր մանդատը չի դնում վար, վատ ազդեցություն է ունենում հանրության վրա։ Ես չեմ խոսում այն մասին, թե՝ մանդատ դնել-չդնելով արդյոք ԱԺ-ն կցրվի, թե չէ, կամ ինչ տեսք կստանա։ Ես խոսում եմ հասարակություն դաստիարակելու, հասարակությանը օրինակ լինելու մասին։
Հանրությունը նայում է ԱԺ ամբիոնից ճիշտը ու դուզը ասող ընդդիմությանը ու այն, լրիվ ավելորդ հույսը արթնացնում, թե դրանք արդյունք կտան։
Գուցե՝ երբևէ։ Բայց ոչ երեկ, ոչ այսօր, երբ Սյունիքն իրոք թել է դառնում։
Մանդատ վայր դնելը կնշանակեր՝ ընդդիմությունը պատրաստ է ռադիկալ քայլերի, ընդդիմությունը պատրաստ է սուտ հույսեր չի տալիս... Ու գուցե այդպես ավելի շատ մարդիկ դուրս գային փողոց, էլ «խոսենք, կարող է վաղը մի բան լուծվի» հույսը չէին ունենա՝ աչքերը կբացվեին։
Ապրում ենք վախից մի աչքներս գցած վաղը չէ մյուս օրվան, թե՝ ախր մի դուռ կբացվի։ Վաղվան չէ, վաղը գիտենք ինչ է լինելու՝ ԱԺ ամբիոնից ասում են՝ վատ փաստաթուղթ են ստորագրելու։ Հա, դա պարզ է։ Հա՝ Մարաղան է դռներիս՝ վաղը վատ օրն է։
Դրա համար վաղը չէ, մյուս օրվա մասին ենք մտածում՝ Նժդեհներ կլինեն, Մոնթեներ կլինեն, Ռոբերտ Աբաջյաններ կլինեն, Նաիրի Ղուկասյանների բարոյականությամբ կապրենք։ Ու չենք ուզում տեսնել այսօրը, թե ովքեր կան այսօր։
Կիսակյանք ենք ապրում։
Կիսակյանք՝ կիսականք։
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան