ԱՀԿ-ն արտակարգ նիստ է հրավիրում կորոնավիրուսի նոր շտամի պատճառով
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ուրբաթ օրը հատուկ նիստ կանցկացնի՝ Հարավային Աֆրիկայում COVID-19 B.1.1.529 նոր շտամի հայտնաբերման կապակցությամբ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին առցանց նիստի ժամանակ հայտարարել է ԱՀԿ անհետաձգելի հիվանդությունների բաժնի տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերխովը։
Կազմակերպությունը հայտնել է, որ հետևում է կորոնավիրուսի՝ հասկ սպիտակուցի տասնյակ մուտացիաներով նոր տարբերակին և նախատեսում է քննարկել, թե ինչպես դա կազդի գոյություն ունեցող պատվաստանյութերի արդյունավետության վրա:
«Մենք դեռ բավարար տեղեկատվություն չունենք դրա մասին: Այնուամենայնիվ, մենք գիտենք, որ այս շտամն ունի մուտացիաներ», - ասել է Վան Կերխովը:
Նրա խոսքով, փորձագետները կքննարկեն, թե ինչ վտանգ է ներկայացնում է կորոնավիրուսի այս տարբերակը։ Եթե արդյունքները մտահոգիչ լինեն, ապա դրան կտրվի հունական այբուբենի տառի անվանում։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի և Իսրայելի իշխանությունները հայտարարել էին դեպի հարավաֆրիկյան երկրներ թռիչքների դադարեցման մասին՝ Բոտսվանայում նոր շտամի հայտնաբերման պատճառով։
Աշխարհում, ըստ ԱՀԿ-ի վերջին տվյալների, ավելի քան 258 միլիոն վարակված մարդ կա, ավելի քան հինգ միլիոն հիվանդի կյանք չի հաջողվել փրկել։