Երբ Փաշինյանը խոսում է պատվաստումների մասին, բոլորը հիշում են իր հայտնի արտահայտությունը՝ ում շունն է կորոնավիրուսը. Վարդևանյան
«Մեր դիմումը երկու բաղադարիչ ունի՝ հրամանով չէր կարող նման կարգավորում սահմանվեր, քանի որ գոյություն ունի իրավական պետության սկզբունք, նման հարցերը կարգավորվում են օրենքով, երկրորդ՝ նշված հարցով թեստավորման ծախսը պետք է կրի պետությունը»,- ՍԴ-ում սեփական միջոցներով պարտադիր թեստ հանձնելու կամ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու վերաբերյալ առողջապահության նախարարի հրամանի սահմանադրականության հարցի դատաքննության հետաձգումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ-ում ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
Ըստ նրա, ՍԴ-ում քննությունը ցույց տվեց, որ իրականում թեստավորման պահանջը զուտ նրա համար է, որ մարդկանց գրպանին խփեն, ստիպված գնան, պատվաստվեն։
«Սա ինքնին պատվաստման քարոզի տեսանկյունից շատ վատ բան է։ Իրականությունն այն է, որ պատվաստվելուց ավելի լավ լուծում չկա, համաշխարհային փորձն է ցույց տալիս, բայց մարդկանց զոռում ես, ստիպում անել մի բան, դրանով ոչ մի դրական էֆեկտ չես ստանա։ Երբ որ ռեվակցինացիայի անհրաժեշտության հարց առաջանա, այդ ժամանակ է՞լ պետք է զոռեն մարդկանց։ Չի կարելի այդպես աշխատել»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորների ներկայացուցիչը ՍԴ-ում։
Նա նշեց, որ եվրոպական մի շարք երկրներում թեստավորումն առաջնային փուլում եղել է անվճար, որովհետև դա է պահանջում պատշաճ կոմունիկացիան հասարակության հետ, դրանից հետո արձագանքն ինչպիսին է լինելու, պետությունները, ըստ դրա, կարող են վերանայել իրենց մոտեցումները։
«Հենց իշխանություններն են անլրջացրել կորոնավիրուսի դեմ պայքարը, դրա համար էլ հիմա այդքան դժվարություն է նորից այն լրջացնելը»,-ասաց Արամ Վարդևանյանը։
Նա նշեց, որ ՍԴ-ում այս գործով քննությունը սկսվել է երեկ, այսօր հետաձգվել է, բայց կառավարությունն ու առողջապահության նախարարությունն ունեն բոլոր հնարավորությունները կարգավորում մտցնելու, որ թեստավորման ծախսերը կատարի պետությունը։ Կարծում է, որ եթե պետությունը վճարի թեստերի համար, ավելի դրական ցուցանիշ կլինի, պատվաստման ցուցանիշը կլինի ավելի շատ. «Դա կլինի մարդկանց հետ ճիշտ հաղորդակցում, ոչ թե զոռով»։
«Թող ոչ մեկ չբերի արգումենտ, որ դրա միջոցները չկա։ Պետք չէ մարդկանց միամիտի տեղ դնել։ Գիտեք, որ հարյուր հազարավոր դոլարներ մեքենաների վրա են նախատեսում ծախսել, պարգևավճարների վրա են ծախսվում հարյուր հազարավոր դոլարներ։ Այդ միջոցները կան, նաև կան գործիքները պատժել այն մարդկանց ու ոլորտը կարգավորել, ովքեր ստիպում են 2000 դրամ ինքնարժեքով թեստը 6000-15 հազար դրամով անել։
Մյուս տարբերակն էր, որ ՍԴ-ն մինչև դեկտեմբերի 16 կասեցներ այդ գործընթացը գոնե այդ մասով»,-ասաց Վարդևանյանը՝ չբացառելով, որ հնարավոր է կասեցման հարցով միջնարդությամբ իրենք հանդես գան։
Նա նաև նշեց, որ չի կիսում այն կարծիքը՝ եթե պարտադիր թեստավորումը չլինի, մարդիկ չեն գնա պատվաստվելու. «Պետք է ուղղակի օբյեկտիվ նայել իրավիճակին, պետք է հստակ ճանաչել նաև հայ մարդուն։ Պետք է անկեղծ խոսել, թե ինչ դրական կողմեր ունի պատվաստումը, չպետք է դա անել զոռով, հակառակ էֆեկտն է տալիս։
Պետք է ավելի քիչ հենց իշխանությունները խոսեն պատվատսման մասին։ Ավելի քիչ պետք է Նիկոլ Փաշինյանն ու առողջապահության նախարարը խոսեն պատվաստումների մասին, որովհետև երբ, օրինակ, Նիկոլ Փաշինյանը խոսում է պատվաստումների, կորոնավիրուսի մասին, բոլորը հիշում են իր հայտնի արտահայտությունները, թե ում շունն է կորոնավիրուսը, լուրջ հիվանդություն չէ և այլն։
Իրենք թող չխոսեն, թող խոսեն մասնագետները, որոնք իրականում մարդկանց կյանքեր են փրկել, օգնություն ցուցաբերել մարդկանց»,-ասաց Վարդևանյանը։
Հարցին՝ ինչո՞ւ այս կարգավորուոմը օրենքով չարվեց, նա դժվարացավ պատախանել. «Ինձ համար հասկանալի չէ։ Կամ ուղղակի հերթական օրենքի, իրավունքի սահմանադրականության նկատմամբ անհարգալից դրսևորում է, որում այս իշխանությունները մասնագիտացած են, կամ չգիտեմ՝ մասնագետների հետ կապ չեն պահել, իրենց չեն հարցրել կամ չեն ուզում միտք արտահայտել»։
Հարակից հրապարակումներ`
- Սեփական միջոցներով թեստ հանձնելու կամ պատվաստվելու վերաբերյալ ԱՆ հրամանի սահմանադրականության հարցի դատաքննությունը հետաձգվեց
- ՍԴ դատավորներ Արևիկ Պետրոսյանի և Հրայր Թովմասյանի միջնորդությունները բավարարվեցին
- Այդ խայտառակ հրամանն ընդունվել է Անահիտ Ավանեսյանի կողմից, պարտավոր էր ներկա լինել ՍԴ նիստին. Վարդևանյան
- ՀՀ-ն բացառիկ երկրներից է, որտեղ կա պարգևատրման ֆոնդ պետական աշխատողների համար, բայց չկան թեստավորման համար միջոցներ. Վարդևանյան
- Կովիդի դեմ պայքարի վերաբերյալ փաստաթղթերի փոխարեն ԱՆ-ն ՍԴ-ին տրամադրել է մեծահասակների մոտ միզուղիների վարակների վարման կլինիկական ուղեցույցը
- Ինձ համար անընդունելի և տարօրինակ է թեստավորման գների միջև առկա ոչ աննշան տարբերությունը. ՍԴ դատավոր
- ԱԺ ներկայացուցչի լիազորագիրը թերի է ուղարկվել ՍԴ
- ՍԴ-ն քննում է սեփական միջոցներով թեստ հանձնելու կամ պատվաստվելու վերաբերյալ ԱՆ հրամանի սահմանադրականության հարցը
- ՍԴ-ն վաղը կքննի ընդդիմադիր պատգամավորների դիմումը