Վերաբացվեց Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի անվան շախմատի դպրոցը
Նոյեմբերի 26-ին Երևանի Աբովյան 62 հասցեում պաշտոնապես վերաբացվեց Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի անվան շախմատի դպրոցը։
Վերաբացմանը ներկա էր Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը և իհարկե, Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը։
«Շախմատը մեր ազգի համար շատ կարևոր է, քանի որ այն մարզաձևերից է, որ ունենք պատմության մեջ ամենամեծ նվաճումները։ Եթե դու շախմատով հետաքրքրվում ես, անպայման կիմանաս Տիգրան Պետրոսյանին, մեր թիմի հաղթած երեք Օլիմպիադաների, իմ նվաճած աշխարհի երկու գավաթների մասին։ Այսինքն՝ կիմանաս Հայաստան երկիրը։ Այս իսկ պատճառով մենք պետք է փորձենք ունենալ շատ շախմատիստներ։ Այս դպրոցում ունենք լավագույն մարզիչներին, որոնք մնացել են Հայաստանում։ Փորձում ենք մի բան անել, որ շարունակվի այն կյանքը, ինչ մենք նվիրել ենք շախմատին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Արոնյանը։
Անդրադառնալով ԱՄՆ-ում մշտական բնակությանը, Արոնյանը, նշեց, որ ոչ ոքից դժգոհ չէ։
«Եթե պետք է ծառայեմ իմ ազգին, պետք է այն քայլերին դիմեմ, որոնցով կկարողանամ ծառայել իմ ազգին։ Հասկանալի է, որ մեր երկիրն այսօր մեծ փորձությունների միջով է անցնում։ Կարծում եմ՝ այս շրջանում մեր հույսը չպետք է կորցնենք։ Գլխավորն այն է, որ յուրաքանչյուրս մեր բնագավառում մեր գործը շարունակենք։ Ես շախմատիստ եմ և ուզում եմ, որ շախմատն այս երկրում զարգանա և չկորի»,- հայտարարեց շախմատիստը։
Ամեն դեպքում Լևոն Արոնյանն ընդգծեց, որ թեև Հայաստանում չի բնակվում, սակայն Հայաստանն իր համար ապրելու լավագույն տեղն է աշխարհում։
Շախմատի դպրոցի վերաբացման լուսանկարներն՝ այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան