«Հայաստան» դաշինքը ներկայացնում է կառավարությանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամին ուղղված հարցերը
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, նախ հիշեցնենլով, որ օրեր առաջ հայտարարություն էին տարածել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը փոխանցված գումարների օգտագործման հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքի մասին և տեղեկացրել, որ այս փուլում պահաջել ենք կառավարությունից, ինչպես նաև դիմել են «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար:
Այժմ «Հայաստան» դաշինքը ներկայացնում է կառավարությանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամին ուղղված հարցերը․
«Կառավարությանը՝
1. Այն պետական մարմինների անվանումները և պաշտոնատար անձանց անունները, որոնք ներկայացրել են և/կամ հիմնավորել են նվիրաբերության կարգով նշված գումարը հիմնադրամից ներգրավելու առաջարկը (առկայության դեպքում), ինչպես նաև առաջարկը և դրա քննարկումը արձանագրող փաստաթղթերը (տեսաձայնագրություններy): Այս կետի ներքո տեղեկատվությունը պետք է պատասխանի նաև հարցին. թե ինչ՞ հիմնավորմամբ է որոշվել (առաջարկվել) հիմնադրամի միջոցներից ներգրավել նվիրատվություն (նվիրաբերություն):
2. Նվիրատվության (նվիրաբերության) պայամանագրերը:
3. Գանձապետական հաշվեհամարը բացելու, ինչպես նաև նվիրաբերության նշված գումարը գանձապետական հաշվեհամարին փոխանցելու (հաշվեհամարին մուտքագրելու) վերաբերյալ բոլոր իրավական ակտերը (նորմատիվ, անհատական և ներքին), ինչպես նաև վարչական ակտերը, նամակագրությունները, հանձնարարականները և/կամ այլ փաստաթղթերը:
Այս կետով ներկայացվող տեղեկատվության ներքո պետք է հստակ պատասխանել նաև հետևյալ հարցերին. Արդյո՞ք գանձապետական այս հաշվեհամարը բացվել է բացառապես նշված նվիրաբերության համար, հիմնադրամն ունի՞ Հայաստանի Հանրապետության գանձապետարանում բացված գանձապետական հաշիվ, և եթե այո, ապա արդյո՞ք այդ հաշվեհամարից գումարներ են ելքագրվել կառավարության համար:
4. Գանձապետական նշված (նվիրաբերության գումարները մոջտքագրելու համար բացված)հաշվեհամարի շարժը նկարագրող տեղեկանք (քաղվածք հաշվից)՝ հաշվեհամարի բացման պահից մինչև սույն կետով պահանջվող տեղեկատվություն տրամադրելու օրը: Սույն կետում նշված տեղեկությունը պետք է ներառի նաև հաշվեհամարի յուրաքանչյուր շարժի (մուտքի և ելքի) համար հիմք հանդիսացող առաջնային (սկզբնական) փաստաթղթերի տվյալները, ինչպես նաև շարժի արդյունքում ֆինանսական միջոցների ելքի հանրագումարը՝ տարանջատված մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը և 2021 թվականին՝ ըստ ամիսների:
5. Տեղեկանք գանձապետական նշված հաշվեհամարից 300 մլն. դրամ և ավելի մեկանգամյա կամ միմյանց փոխկապակցված փոխանցումների վերաբերյալ՝ նշելով գումարի մեծությունը, ծրագրի անվանումը և ստացողին:
6. Տեղեկատվություն այն ծրագրերի վերաբերյալ, որոնք իրականացնելու համար ծախսվել են հատկացված միջոցները՝ ներկայացնելով ծրագրի կատարման պատասխանատու պետական մարմնին, ծրագրի նկարագիրը, անվանումը, ծրագրով նախատեսված ֆինանսական և ոչ ֆինանսական, ինչպես նաև կատարողականի ցուցանիշները, ծրագրի սկզբի և ավարտի ամսաթվերը:
Այս կետի պահանջի ներքո պետք է ներկայացնել նաև տեղեկություն այն մասին, թե մինչև նշված ծրագրի հաստատումը արդյո՞ք համանման ծրագիր (ծրագրեր), ծախսեր նախատեսվել են ՀՀ 2020թ. պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեներով: Եթե առկա են համընկնումներ, հարկ է պատասխանել նաև, թե ի՞նչ ուղղություններով (նպատակներով) են ծախսվել (վերաբաշխվել) բյուջեներում նախատեսված միջոցները:
7. Տեղեկություն նախորդ կետում նշված ծրագրերի իրականացման հսկողության համակարգի մասին՝ ծրագրի նախատեսված նպատակների և արձանագրված արդյունքների համապատասխանության վերաբերյալ հսկողություն իրականացնող մարմնի և պաշտոնատար անձի հաստատումները:
8. Նվիրաբերության պայմանագրերով ստացված միջոցների վերաբերյալ «Հայաստան» համահայկական հիմնադրամին ներկայացված հաշվետվությունները, դրանց վերաբերյալ տրված բացատրությունները, մասնագետների և/կամ փորձագետների, ինչպես նաև աուդիտորական կազմակերպության եզրակացությունները:
«Հայաստան» համահայկական հիմնադրամին՝
1. «Մենք ենք մեր սահմանները» համազգային դրամահավաքի անցկացման նպատակները, դրամահավաքի վերաբերյալ հրապարակային հայտարարությունները, դրամահավաքին մասնակցած անձանց (ֆիզիկական և իրավաբանական) քանակը:
2. «Հայաստան» համահայկական հիմադրամի կանոնադրությունը՝ բոլոր փոփոխություններով և լրացումներով:
3. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը և դրանում փոփոխությունները՝ նվիրաբերություն կատարելու որոշման կայացման պահից մինչև սույն հարցման պատասխանի տրամադրման օրը:
4. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված հիմնադրամի գույքի տնօրինման կարգը, ինչպես նաև հոգաբարձուների խորհրդի կողմից՝ նվիրատվություն (ներ) կատարելու մասին իր որոշումների կատարման ընթացքի վերահսկման ընթացակարգը և փաստացի իրականացված վերահսկողության արդյունքները:
5. Նվիրատվություն (նվիրաբերություն) կատարելու որոշման համար հիմք հանդիսացած հանգամանքները»:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստին
- ԱԺ ընդդիմադիր պատգամավորները դիմել են «Հայաստան» հիմնադրամին՝ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան