Մենք 3 անգամ Կովսականի հատվածում պոստերն առաջ ենք տվել. Մելիքսեթ Պողոսյան
«Այդ հարցերը քննարկում ենք, որպեսզի դրանց լուծում տանք, սահմանամերձ գյուղերը մենք պետք է համաչափ զարգացնենք և՛ պաշտպանության, և՛ բարոյահոգեբանական վիճակի առումով»,- ճեպազրույցում պատասխանելով Սյունիքի մարզի սահմանին հրադադարի խախտման դեմ պայքարի ուղղությամբ իշխանության գործողությունների մասին հարցին՝ ասաց Սյունքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։
Նրա խոսքով՝ թշնամին մեզնից ուժեղ չէ, իսկ մենք կոտրվել ենք, քանի որ միասնական չենք և գաղտնիության ռեժիմը չեն պահպանել:
Լրագրողի հարցին, թե արդյո՞ք սահմանին կանգնած զինվորը չի կոտրվում, երբ լսում է, որ Նիկոլ Փաշինյանը հատարարում է նրանց գործողությունները քննելու մասին՝ մարզպետը պատասխանեց, որ պետք է գաղտնիությունը պահպանվի:
Անդրադառնալով Փաշինյանի կողմից սահմանից զորքերը հետ քաշելու հրամանի մասին լուրերին՝ Պողոսյանն ասաց. «Ոչ մեկն էլ չի ուզեցել հետ քաշվի, իսկ պարոն վարչապետը երբ Գորիսում խորհրդակցություն էր արել, ասաց՝ անցեք Սյունիքի պաշտպանությանը»:
Մարզպետը վստահեցրեց, որ դրանից հետո իրենք Նռնաձորից մինչև Խոզնավար անցել են նպաստավոր բարձունքների վրա Սյունիքի պաշտպանությանը, ինչի համար մոտ 3 000 մարդ ինժեներական աշխատանքներ է կատարել և պաշտպանություն իրականացրել։
«Մենք 3 անգամ պոստերն առաջ ենք տվել։ Կովսականի հատվածում 3 անգամ առաջ ենք տվել։ Հետո ՌԴ-ն չի համաձայնել, ասել են, որ մենք պիտի զբաղեցնենք Խորհրդային Միության սահմանները, մեզ հետ են տվել»,- ասաց Մելիքսեթ Պողոսյանը։
Նրա խոսքով՝ հանձնաժողով է ստեղծվել, Ռուսաստանի և Ադրբեջանի հետ համագործակցել են, որպեսզի սահմանները մնան նույն տեղը, ադրբեջանցիենրը չեն համաձայնել, այդ պատճառով էլ հայկական զինուժը զբաղեցրել է Խորհրդային Միության սահմանները։