Անընդհատ խաղաղության մասին խոսելով` Փաշիանյանը Հայաստանը տանում է կործանարար պատերազմի. Վազգեն Մանուկյան
«Հայաստանի սահմանների վերաբերյալ նախկինում իմ տված բոլոր գնահատակնները մնում են ուժի մեջ»,- այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում պատասխանելով լրագրողների հարցերին՝ հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:
Նրա խոսքով՝ գործող իշխանությունը մեր ժողովրդի համար խորթ ու թշնամի է և Հայաստանի համար որևէ օգտակար բան անել չի կարող։
«Ադրբեջանի և Թուրքիայի ցանկություններն անընդհատ մեծանում են, քանի որ տեսնում են, որ դիմացը պետության կամք և ուժ չունեցող ղեկավարություն է կանգնած և իրենք անընդհատ շարունակելու են»,-հայտարարեց Մանուկյանը։
Ըստ նրա՝ Հարավային Կովկասում և ՀՀ սահմաններին վիճակը կայուն չէ և ուշ թե շուտ բերելու է պատերազմի, իսկ անընդհատ խաղաղության մասին խոսելով` Նիկոլ Փաշիանյանը Հայաստանը տանում է դեպի կործանարար պատերազմի։
Հայաստանում այսօր կատարվողը նախկին վարչապետը ճակատագրական համարեց և պնդեց, որ երկիրը հազարամյակների ընթացքում նման խայտառակ վիճակում չի եղել։
«Նույնիսկ չեմ կարծում, որ ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի»,- անդրադառնալով Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը`հայտարարեց ՀՀ նախկին վարչապետը և, անիմաստ համարելով դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին խոսելը՝ հավելեց. «Գտնված է թշնամի, որն ասում է, թե Երևանն էլ է ուզում վերցնել, ու իր հետ դու խոսում ես սահմանների մասին, որն այս պահին կեղծ խնդիր է»։
Վազգեն Մանուկյանը նաև դրական գնահատեց ընդդիմության փողոցային ներկայիս գործողությունները, բայց պնդեց, որ պետք է խնդիր դնել, ծրագիր և ղեկավար մարմին ունենալ:
Նրա խոսքով՝ առանց փողոցի ԱԺ-ն որևիցե հարց լուծել չի կարող, այլ ընդամենը կկարողանա հարցը ներկայացնել միջազգային հանրությանը։
«Երբ փողոցը հարցերը դե ֆակտո բերի իշխանության, ԱԺ-ն կարող է դա ձևակերպել, բայց ԱԺ-ն չի կարող խնդիրները լուծել և այնտեղ բանավեճերից օգուտ չկա, հարցը լուծելու է փողոցը»,- հայտարարեց Վազգեն Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան