Ինչ է ասել պատմության ուսուցիչը դասաժամին Փաշինյանի հասցեին, որի համար հայտնվել է դատարանում
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթում գտնվում է Երևան քաղաքի Հր. Քոչար 29 հասցեում գործող Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Հակոբ Գրիգորյանի գործը, ում մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 226.2–րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով` բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը։
«Դատալեքսում» հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն. «Հակոբ Թելմանի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով Երևան քաղաքի Հր. Քոչար 29 հասցեում գործող Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում որպես պատմության ուսուցիչ, համաձայն չլինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ և քաղաքական այլ հայացքներ ունենալու հանգամանքով պայմանավորված, 2021 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, 7-րդ դասարանի պատմության դասաժամին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշակերտների ներկայությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ արել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, այն է՝ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան և նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել»։
Հ. Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։
Նոյեմբերի 24-ին կայացել է այս գործով առաջին դատական նիստը, սակայն հետաձգվել է, քանի որ պատմության ուսուցիչը չի ունեցել պաշտպան։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ավելի վաղ գրել էր, որ Հ. Գրիգորյանը պաշտպան չունի և երեկ դատարանում խնդրել էր իրեն հատկացնել անվճար փաստաբան. «Պարոն Գրիգորյանին առաջարկել եմ անվճար ստանձնել իր պաշտպանությունը դատարանում։ Հիմա որոշումը նրանն է։
Այս պահին ընդամենը կարող եմ ասել, որ բառացիորեն մազերս բիզ-բիզ եղան, երբ իմացա, թե ինչ հոդված են դրել ուսուցչի վրա։ Դա ուղղակի ծայրահեղ խայտառակություն է։ Եթե դատախազությունում մտածել են, որ այդ մարդուն ոչ ոք չի պաշտպանելու ու «սղացնելու են՝ անցնի», ապա չարաչար սխալվել են»։
ՀՀ Քրեական օրենսգիրք. Հոդված 226.2. Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը
1. Անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով, 226-րդ, 226.1-ին, 301-րդ, 385-րդ, 397.1-ին հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են`
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից.
2) պաշտոնեական դիրքն օգտագործելով`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան