Դավիթ Վանյան. Անկարող, քաղաքական իմպոտենտ վերնախավ, որ սեփական բարեկեցությունից այն կողմ ոչինչ չի տեսնում
Քաղաքագետ Դավիթ Վանյանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը օդից չի հայտնվել։ Նա է ժամանակակից Հայաստանի իսկական ու արժանի առաջնորդը։ Նայեք նրան, ու կտեսնեք անպատասխանատու, սուտասան, մեծամիտ, չկարդացած, անկիրթ, փնթի ժամանակակից հային, ով իր մեջ մարմնավորում է` և Քաջ նազարին, և Սուտլիկ որսկանին, և Ցռան Վերգոյին, և քաղաքական Ձախորդ Փանոսին։
Երեսուն տարի, մենք մեզ տրամադրված, հաղթանակների ու նահատակների փառքի ներքո փոխանակ հերոսներ դաստիարակելու, դաստիարակել ենք հայի այս տեսակը։ Եւ սա է ճշմարտությունը, որքան էլ այն դառը լինի։ Եւ իմ ու քեզ պես մի քանի տասնյակ հազար հայերն ու քաղաքացիները, ում սիրտը պայթում է մեծամասնական այս ճահիճում, դատապարտված ենք տեսնելու մեր Երկրի վերջնական անկումը այդ նույն մեծամասնության ծափերի ներքո։
Սին երազնքներով ապրող, «Աստվածների լեզվով» հարաբերվող, «3-5-7-17 հազարամյա», օտարապաշտ, օտարահպատակ, ճորտի հոգեբանությամբ ժողովուրդ ենք, ով չկարողացավ պատմական այս շքեղ առիթը օգտագործել ու իսկական պետություն դառնալ, քիչ չի, հիմա էլ այսքան զոհ տալով, այսքան ընկեր ու որդի կորցնելով, ստիպված ենք նայելու մեր ընտրված ղեկավարի անփառունակ հեռուստատեսային դեմքին, ու ներփակված, մենք մեզ ուտելով՝ ականատեսը լինել Հայաստան պետության վերջնական կործանման։
Ռուսաստանի արտաքին քաղաքականության մասին ռուսական հեռուստատեսությամբ, ամենաշատը հայ քաղաքագետներն են խոսում, սակայն հայկական պատվախնդրությունը նրանց մեջ ձգտում է զրոյի։ Երեք միլիոն կազմող համայնքը ոչինչ չարեց այդ Երկրի քաղաքականությունը ի նպաստ Հայաստանի շրջելու համար։ Եւ այդպես է ամենուրեք, որտեղ մենք համայնքներ ունենք։ Անհավատ, անխառնվածք, բայց լավ եկեղեցի կառուցողներ ենք, ով իր քթի ծայրից այնկողմ ոչինչ չի տեսնում, բայց վստահ է, որ միակ ճշմարիտը ինքն է, և միայն ինքը։
Խորհրդային միության դաստիարակած պետականապաշտ, պետականակենտրոն, հայրենապաշտ Հայն էր, որ հաղթեց առաջին պատերազմում։ Իսկ մեր դաստիարակած գեներալները կռացել, համբուրում են այս անասունի կոշիկները։ Էս ենք։
Հիմա էլ մի նոր ընդդիմություն է փողոցներ փակում, առանց նախկին փակողների հետ միավորվելու։ Վաղը կգան այլ փակողներ, առանց սրանց հետ միավորվելու։ Եւ բոլորը Երկրիս պաստառի վրա կկայանան, միս ու արյուն կստանան, սակայն բեռը կմնա հին տեղում՝ փոսում։
Մտավորականեր, գործարարներ, կայացած մարդիկ, ովքեր պաշտպանեցին հեղափոխությունը ու, հասկանալով, որ սխալվել են, մատը մատին չեն տա իրավիճակը փոխելու համար։ Մեղքի ու պատասխանատվության բացարձակ բացակայություն։
«Պուտինը, Բայդենը, Սերժը, Լևոնը, Նիկոլը, բոլորը մեղավոր են, բայց ոչ ես»։ Սա է մեր բանաձևը։ Այսպես ենք ապրում։ Սոված ու ընչազուրկ հասարակության ղեկավարներից մեկի համար 2 հարյուր հազար արժեցող մեքենա են առնում ու շաբաթներով քննարկում այդ հարցը, երբ թուրքը, մեր իսկ դաշնակցի հետ պայմանավորված, ամրանում է մեր իսկ տարածքներում, որպեսզի «ճշմարիտ« լինի սահմանագծում-զատումը։
Անկարող, քաղաքական իմպոտենտ վերնախավ, որ սեփական բարեկեցությունից այնկողմ ոչինչ չի տեսնում։ Այս «նիկոլներին» մենք ենք ծնել ու դաստիարակել, և մեր Երկիրը մենք էլ կորցնում ենք, ու միայն հրաշքը կփրկի մեզ, կամ, ավելի շուտ, ոմանց, ովքեր թանգարանային հայկական ապագա օտարահպատակ ռեզերվացիայում ապրելու իրավունք կստանան»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան