Ժաննա Անդրեասյան. Նախագծով փոփոխվում են տարակարգին վերաբերող դրույթները
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը գրում է.
«Հանրակրթության օրենքի փոփոխության նախագծով փոփոխվում են նաև տարակարգին վերաբերող դրույթները։
. Մասնավորապես, փոխվում է տարակարգի սահմանումը՝ որպես ուսուցչի մասնագիտական չափորոշչին համապատասխանող որակավորման աստիճան։ Դրանից բխող, իհարկե, պետք է էապես փոխվեն տարակարգի համար պահանջվող բնութագրիչները։ Դրանք պետք է համահունչ լինեն տվյալ մասնագիտական չափորոշչին կամ ստանդարտին։
Սա նշանակում է, որ ներդրվելու է ուսուցչի մասնագիտական չափորոշիչների համակարգ, որի պարագայում ուսուցիչը կկարողանա սկսել որպես սկսնակ ուսուցիչ և հասնել մինչև փորձառու կամ վերապատրաստող ուսուցչի մակարդակ՝ յուրաքանչյուր մակարդակին համապատասխանող վարձատրության դրույքաչափով։ Պարզ ասած, ձևավորվում է ուսուցիչների աշխատանքային առաջխաղացման մեխանիզմ։
. Հանվում է տարակարգերին դիմելու հերթակայման սկզբունքը։ Եթե որևէ ուսուցիչ կհամապատասխանի միանգամից երրորդ կամ չորրորդ տարակարգին, ապա կկարողանա դիմել միանգամից դրա համար։ Ընդ որում, չկա նաև ժամկետային սահմանափակում, թե երբ է կարելի դա անել՝ նախորդ աստիճանի տարակարգ ստանալուց հետո։
. Հանվում է այլ ուսումնական հաստատություն տեղափոխվելու դեպքում տարակարգի չպահպանման դրույթը։ Այլ դպրոց տեղափոխվելիս տարակարգը կպահպանվի, քանի որ այն բնութագրում է ուսուցչի մասնագիտական որակները և ոչ հաստատությունը։
. Հստակեցվել է, որ ոչ պետական հաստատությունների ուսուցիչները կարող են մասնակցել տարակարգի շնորհման գործընթացին՝ հիմնադրի ֆինանսական միջոցների հաշվին»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան