Պիպոյան. Եթե հավատարմագրված լաբորատորիան «Երեմյան փրոջեքթս»-ի ռեստորանում խնդիր չհայտնաբերի, ես չեմ հավատա, քանի որ կան թունավորվածներ
«Բիզնեսը խորին համոզմունք ունի, որ թունավորումներն իր գնած մթերքի հետևանքով են,հետևաբար իր անմեղության կանխավարկածն առաջ տանելու համար պետք է առնվազն նշանակի մեղավորներ։ Ես ավելի քան վստահ եմ, որ նեղ մասնագիտական ոլորտում տնտեսվարողին մասնագիտական աջակցություն եղել է, որը բխում է այլ բիզնես շահերից»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն՝ անդրադառնալով «Երեմյան փրոջեքթս» ընկերության կողմից ՀԿՎԱԿ-ի լաբորատոր հետազոտությունների արդյունքների արժանահավատությունը կասկածի տակ դնող հայտարարությանը։
Ընկերությունը, որին պատկանող «Բուրգերի» ռեստորանում սնվելուց հետո գրանցվել են թունավորումներ, հարցեր է հնչեցրել լաբորատոր փորձաքննության սեղմ ժամկետների վերաբերյալ։
Այս առումով անկախ փորձագետ Բաբկեն Պիպոյանը մանրամասնում է, որ ՀՎԱԿ-ը ոչ թե իրականացնում է համապատասխանության գնահատում, ինչի համար, այո, անհրաժեշտ է հավատարմագրում, այլ ըստ էության առաջնորդվում է հնարավոր առողջական ազդեցություններով։
«Օրինակ, ՊՇՌ մեթոդով հետազոտությունը բավարար է ռիսկերը հասկանալու համար։ Մենք ի՞նչ անենք, սպասե՞նք յոթ օր մանրէաբանական հետազոտությունների, թե՞ առնվազն ունենանք ուղղություն և պատկեր։ Իհարկե, պետք է առաջնորդվել հնարավորինս արագ գործելու մեթոդաբանությամբ, ինչպես արել է ՀԿՎԱԿ-ը»,- ասաց Բաբկեն Պիպոյանը։
Հիշեցնենք, որ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս Լաբորատոր կենտրոն մասնաճյուղ»-ի կողմից իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն, ռեստորանի մակերեսներից և աշխատակիցների ձեռքերից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) և Staphylococcus aureus։ Բուրգերի համար նախատեսված տավարի հում մսի մեջ հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդության հարուցիչ (salmonella enteritidis):
Պիպոյանն ընդգծեց, որ թունավորումների առակայության պարագայում ամեն հնարավոր ռիսկ հայտնաբերելն առաջնային է սպառողների իրավունքների, մարդու կյանքի և առողջության տեսանկյունից։
«Հետո գալիս են բիզնես շահեր, այլ շահեր, որոնցից ելնելով, շահառուներ են հայտնվում։ Բայց ես պնդել, պնդում եմ և պնդելու եմ, մարդու կյանքն ու առողջությունը բարձագույն արժեք են, մյուս բոլոր շահերը պետք է ստորադասվեն դրան։ Եթե մենք ունենք թունավորում, ապա պետք է բոլոր կասկածները հերթով բարձրաձայնելով, մերժելով կամ հաստատելով առաջ գնալ։ Բայց չի կարելի ունենալ ռիսկ ու դրա մասին չխոսել։ Գործընթացը պետք է լինի թափանցիկ։ Այս պարագայում արձագանք իրականացնող կողմին սլաքներն ուղղելը չի լինի բարոյական։ Բոլոր այն մարդիկ, ովքեր փորձում են աջակցել մեղադրական ուղերձին, կարծում եմ, ջուր են լցնում «բիզնեսի շահը հաշվի առնենք՝ ստորադասելով մարդկանց առողջությունը» անբարոյական թեզի ջրաղացին»,- ասաց ՀԿ նախագահը։
«Երեմյան փրոջեքթս» ընկերությունը նաև հայտարարել է, որ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ը փորձաքննությունը պատվիրել է իր կենտրոնի «Ռեֆերենս Լաբորատոր կենտրոն մասնաճյուղի» փորձարկման լաբորատորիային, որի հավատարմագրման վկայականը դադարեցված է 10.10.2021 թվականի դրությամբ։
Այս առումով էլ ՀԿ նախագահն ընդգծում է, որ հավատարմագրումն անհրաժեշտ է համապատասխանության գնահատում իրականացնելու համար։
«Այսինք, եթե լաբորատորիան ասեր՝ չի համապատասխանում, տուգանեք կամ ոչնչացրեք մթերքը, դրա համար հավատարմագրում պետք է։ Բայց սննդի շղթայի ռիսկերի գնահատում իրականացնելու, կասկածների ուղղություն ունենալու համար հավատարմագրումն անհրաժեշտ չէ։ Էլ չեմ ասում, որ մեր երկրում հավատարմագրված երեք տարբեր լաբորիատորիաներ տալիս են հինգ տարբեր պատասխաններ։ Հավատարմագրումը չի երաշխավորում ճիշտ լաբորատոր արդյունքները»,- ասաց Պիպոյանը։
Նրա խոսքով, եթե թունավորման դեպքեր չլինեին, ապա ընկերության առաջ քաշած թեզերը կլինեին ընկալելի ու քննարկելի, բայց քանի որ կան թունավորված մարդիկ, քանի դեռ կա առողջական խնդիր, պետք է բարձրաձայնել խնդիրը, իսկ խնդիրը բարձրաձայնած մարմնի արդյունքները կասկածի տակ դնելու հիմք չկա։
«Ավելին, եթե հավատարմագրված լաբորատորիան հայտարարի, որ որևէ տեղ որևէ խնդիր չի հայտնաբերել, ապա ես խնդիր կունենամ այդ արդյունքների հետ, քանի որ կան թունավորված մարդիկ։ Անբնական կլինի խնդիրներ չհայտնաբերելը։ Բնական է, բիզնեսը պետք է առաջ տանի իր անմեղության կանխավարկածը, նշանակի այլ մեղավորներ, բայց այդ մեղավորը չի կարող լինել խնդիր հայտնաբերած մարմինը, պետք է հետազոտությունների արդյունքում պարզել, թե որտեղ է մեղավորը, իսկ մեղավորը կա։
Այն կառույցները, որոնք պատասխանտու են սննդի անվտանգության համար, պետք է հասկանան, որ իրենցից շատ այս թեմայով որևէ մեկը խոսելու պարտավորություն չունի։ Եվ եթե բոլորը խոսում են շատ, ապա դա պատասխանատու պետական մարմնի չխոսելու հետևանք է»,- ասաց սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագետը։
Հարակից հրապարակումներ`
- «Երեմյան փրոջեքթս»-ի ռեստորանի մակերեսներից և աշխատակիցների ձեռքերից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ
- «Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանում թունավորվածներից 3-ը շարունակում են մնալ հիվանդանոցում
- Չնայած թունավորումների ու մարդկանց տանջանքներին՝ «Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանները շարունակում են գործել
- «Բուրգըրի»-ում և «Պանդոկ Երևան»-ում սնված քաղաքացիների մոտ աղիքային վարակ է արձանագրվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան