Հանձնված Քարվաճառի վերջին օրերն ու իշխանությունների անգործությունը
Նոյեմբերի 25-ը Ավոյի՝ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն էր, սակայն այդ օրը մեկ տարի առաջ շատերի համար դարձավ հայրենազրկման, ունեզրկման, կորստի ու ցավի օր։ 2020 թվականի նոյեմբերի 25-ին թշնամուն հանձնվեց Ավոյի ազատագրած Քարվաճառը։ Հակոբ Միկոյանը վերջիններից է եղել, որ տեսել է հանձնված Քարվաճառն ու վերջին օրերի քաոսը։
2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ հայտարարվեց տխրահռչակ փաստաթղթի ստորագրման մասին, որը ենթադրում էր հրադադար և Արցախի տարածքների հանձնում, մի քանի օր ժամանակ էր տրվել արցախցիներին հավաքել իրերն ու լքել հայրենի հողը։ Հայաստանի Հանրապետությունից մի խումբ երիտասարդներ ինքնակազմակերպվեցին, միջոցներ գտան և մեկնեցին Քարվաճառ՝ օգնելու հայրենակիցներին բեռների դուրս բերման և տեղափոխման հարցում։
Ինչպես Panorama.am-ի հետ զրույցում ասում է Հակոբ Միկոյանը, այն, ինչ տեսել է նման էր անվերջանալի մղձավանջի, որը տուն վերադառնալուց հետո էլ հետապնդել է իրեն՝ կորցնելով քունն ու փոխարենը գտել անվերջ տանջող մտքեր։
«Նոյեմբերի 9-ին, երբ հայտնի դարձավ, որ 5 օր հետո առաջինը պետք է հանձնվեր Քարվաճառը, հասկացա, որ իրավունք չունեմ ձեռքերս ծալած նստելու։ Մեքենա չունեի, ֆեյսբուքում գրառում կատարեցի՝ ով է գալիս Քարվաճառ և ընկերներից արձագանքեցին։ Հաջորդ օրը մեկնեցինք Քարվաճառ»,- պատմում է Միկոյանը։
Նրա խոսքով՝ ճանապարհին մի արցախցի աղջիկ է հանդիպել, որի եղբայրն այդ ժամանակ դիրքերում է եղել, հայրն է՝ հիվանդ, այլ հարազատներ չի ունեցել։ Նրան օգնող ձեռքեր են պետք եղել։ Երիտասարդների համար կարծես ճանապարհից ուրվագվել է այն աշխատանքների ծավալը, որը պետք է կատարեին Քարվաճառում։
«Ընդամենը հինգ օր էր ժամանակը, անելիքները սպասվածից շատ։ Աշխատանքի մասշտաբն, անկեղծ ասած, սկզբում չէի պատկերացնում»,- ասում է Հակոբն ու նշում՝ այն, ինչ տեսան այդ օրերին, բաբելոնյան քաոս էր, ալան-թալան և խուճապահար մարդիկ։
«Շահումյանի շրջանի ժողովուրդը քաոսային իրավիճակում էր հայտնվել, շատ դաժանություններ տեսանք այնտեղ՝ հետպատերազմյան մարդկային չարության հետ բախվեցինք։ Մարդիկ կորցրել էին ինքնակառավարումն ու բանականությունը։ Մեկը մյուսի վրայով, տրորելով փորձում էին անցնել։ Նույնիսկ ոստիկաններն էին այդ վիճակում և չէին խնայում ոչ ոքի»,- նշում է Միկոյանը։
Ստեղծված քաոսային իրավիճակում մեր զրուցակիցը տեսնում է իրավապահ մարմինների, ինչպես նաև պետական պաշտոնյաների անգործությունը։ Նրա խոսքով՝ այդ օրերին անգործության էին մատնված բոլորը։
«Երբ զանգեցի Հայաստանի ոստիկանություն և ասացի, որ Քարվաճառում ոստիկանները չեն հասցնում հսկել իրավիճակը և քաոս է տիրում, ինձ ասացին, որ դա ՀՀ տարածքի ներսում չի գտնվում և իրենք չեն կարող ոչ ոքի ուղարկել այդտեղ գործողություն իրականացնելու։ Հասկացա, որ ամեն ինչ դուրս է վերահսկողությունից»,- ասում է նա։
Երիտասարդը նշում է, որ այդ ժամանակ չկար սթափ դատողություն։ Այն, ըստ նրա, որ կորցրեցինք ամենակարևորը՝ հողը ու մարդկային կյանքեր, դա չսթափեցրեց մարդկանց և ստիպեց ինքնակազմակերպվել։ Նրա խոսքով՝ Քարվաճառում թողեցինք նաև նյութական շատ իրեր, որոնք կարող էին քիչ թե շատ թեթևացնել պետության հոգսը ։
«Այսօր շատ դպրոցներում, հատկապես Արցախի, գրքերի կարիք ունեն, սակայն Քարվաճառի դպրոցներից որևէ գիրք դուրս չբերվեց, մարդիկ էլ դա չէին վերցնում, երևի այդ ժամանակ արժեք չուներ։ Շահումյանի շրջանի գրեթե բոլոր դպրոցներում կային նոր կաթսայատներ։ Ոչ մասնագիտական աչքով կարող եմ գնահատել, որ դրանցից յուրաքանչյուրն ամենաքիչը 10-15 հազար դոլար արժողությամբ էին։ Դրանց կարիքը հատկապես Հայաստանի գյուղական համայնքի դպրոցները շատ ունեն։
Գուցե Քարվաճառի երեխաներից էլ սովորեն ինչ-որ մի գյուղի դպրոցում, որտեղ ջեռուցման խնդիր կա։ Ցավոք սրտի, ոչ Հայաստանի և ոչ էլ Արցախի պաշտոնյաները չարձագանքեցին իմ խոսքին, այսինքն՝ լսեցին ինձ, բայց ասացին, որ միջոց չունեն այդ ամենը տեղափոխելու»,- պատմում է Միկոյանը։
Նրա համոզմամբ՝ մեծ ցանկության դեպքում իհարկե, միջոց հնարավոր էր գտնել և հանձնված տարածքներից դուրս բերել գոնե արժեքավոր գույքը՝ խոսքը ոչ միայն կաթսայատների մասին է, այլև շատ այլ արժեքավոր պետական գույքի, որոնք այդպես էլ մնացին Քարվաճառում։
«Ես շատ ոլորտներում տեսա անգործություն։ Այս իշխանություններից «նեղացած» եմ այն բանի համար, որ այդ ընթացքում, ինչու ոչ նաև հիմա, մատնված են անգործության։ Հայաստանում այնքան խնդիրներ կան, որ յուրաքանչյուր լծակ ունեցող պաշտոնյա օր ու գիշեր չպետք է ունենա՝ դրանց լուծման համար։ Որպեսզի Քարվաճառի դպրոցները չթալանվեին և հսկայական արժեքավոր գույքը չմնար թշնամուն, կարող էին օրինակ՝ ՀՀ կրթության և գիտության ոլորտի պատասխանատուները միջոցներ ձեռնարկել։ Դպրոցների պատերին փակցված էր՝ այս գույքը դպրոցին նվիրել է այս կամ այն բարերարը, այսինքն՝ նոր և ժամանակակից գույք էր։ Եթե ճիշտ քայլեր ձեռնարկեին, ապա հնարավոր էր ամեն ինչ կազմակերպել։ Այդպես բոլոր ոլորտի պատասխանատուներն էին անգործության մատնված»,- նշեց նա։
Մարդկանց օգնելուց բացի, երիտասարդները դուրս են բերել հոգևոր և նյութական արժեք ներկայացնող իրեր։
«Քարվաճառի քաղաքային գրադարանում մի պրոֆեսորի անձնական գրքերի բավականին մեծ հավաքածու կար, որը նա կտակել էր քաղաքայաին գրադարանին։ Ի՞նչ արեցի ես։ Գտա տուրիստական մի կազմակերպություն, որը իրականացնում էր ուխտագնացություն դեպի Քարվաճառ, խնդրեցի, որ հետադարձին անցի Քարվաճառով և մարդկանց խնդրի, որ օգնեն և ամբողջ գրքերը տեղափոխեն մեքենաների մեջ։ Արդյունքում բավականին հարուստ գրադարան տեղափոխվեց Մատենադարան։ Այսինքն՝ ցանկության դեպքում հնարավոր էր կազմակերպել ամեն ինչ»,- ասում է նա։
Նրա խոսքով, թեև նախապես հայտարարված հինգ օրը երկարաձգվել էր և որպես վերջին օր սահմանվել էր նոյեմբերի 25-ը, այդուհանդերձ, դա ևս բավարար չէր բնակիչների համար՝ տասնամյակներով կառուցածն ու ստեղծածը դուրս բերելու առումով։
«Նոյեմբերի 25-ին դուրս եկանք Քարվաճառից, այդ օրը Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն էր, ինչը կրկնակի ցավալի փաստ էր։ Սակայն, ցավ զգալու ժամանակ չկար։ Քարվաճառին հաջորդում էին մյուս տարածքները, այսինքն՝ պետք էր նաև փրկել Արցախի մյուս տարածքներից վերջին պատառիկները»,- ասում է նա։
Մեր զրուցակիցը նշում է՝ այն, ինչ տեսել է, մանրամասնությամբ իր զավակներին չպատմելու մտադրություն չունի, բայց մի օր գուցե թղթին հանձնի հայազրկված Քարվաճառի վերջին օրերի մասին։
Հակոբ Միկոյանին Քարվաճառից մնաց փողոցից վերցրած Աստվածաշունչը, Արցախի գերբն ու դրոշը: Իսկ ի՞նչ մնաց Քարվաճառում՝ կորցրած կյանքեր, հող, մարդկային ամոթ․․․
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան