ՄԻԵԴ-ը բավարարել է նոյեմբերի 16-ին գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ հայ իրավապաշտպանների դիմումը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Ադրբեջանի կողմից գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի դիմումը:
Իրավապաշտպանները գանգատ էին ներկայացրել Եվրադատարան նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում սանձազերծված ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։
4 զինծառայողի գործով ՄԻԵԴ էր դիմել փաստաբանական խումբը, մյուսների գործով՝ Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչը: Դիմումների նպատակն է երաշխավորել գերեվարված զինծառայողների՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը։
«Ունենք տեսանյութեր, որտեղ երևում էին անձինք՝ Ադրբեջանի իրավազորության ներքո՝ հսկողության տակ: Կան բավարար ապացույցներ: 2-3 տասնյակ անձանց մասին է խոսքը: Հարազատների հետ ենք հանդիպել, նրանց հետ կապի մեջ ենք»,- ասել է Արտակ Զեյնալյանը «Լուրերի» հետ զրույցում: