Ազատագրական շարժումը պահանջում է Նիկոլ Փաշինյանի, Արմեն Սարգսյանի հրաժարականները
Հանրապետության հրապարակում մեկնարկել է Ազատագրական շարժման նախաձեռնող խմբի հրավիրած հավաքը։
«Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը հիշեցրեց, շարժման մասին հայտարարել են նոյեմբերի 21-ին, դրա նպատակն է կանխել սահմանազատման ու սահմանագծման հակահայկական ծրագիրը, թույլ չտալմիջանցք տրամադրել թշնամուն, պահանջել, որ լիարժեք զինեն առաջնագիծը։
«Երեկ՝ նոյեմբերի 26-ին Հայաստանի,Ռռուսաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչների ստորագրությամբ արձանագրվել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստեղծվում է սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողով ՌԴ խորհրդատվական օժանդակությամբ։ Ստորագրող կողմերը հիմնվել են 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության վրա, որի կետերն ի վնաս Հայաստանի խախտված են»,- ասաց Զոհրաբյանը։
Նա հիշեցրեց, որ ադրբեջանական ուժերը չեն մնացել իրենց զբաղեցրած դիրքերում, առաջ են եկել, ընդհուպ ներխուժել են ՀՀ տարածք, գերիներն ու պատանդառված քաղաքացիները չեն վերադարձվել, մինչև վերջերս էլ առաջնագծում ունենք զոհեր։
«Սա նշանակում է, որ մեր անվտանգության հարցը լուծված չէ։ Չգիտենք, թե ինչ է լինելու Արցախի կարգավիճակի հարցը, երբ սահմանազատման-սահմանագծման հարցը փորձի իրականացվել։ Ազատագրական շարժման նպատակները չեն կարող իրագործվել Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ։ Նիկոլ Փաշինյանը չի կարող համարձակորեն առաջ տանել հայկական շահի պաշտպանության հարցը»,-հայտարարեց Զոհրաբյանը։
Նա ընդգծեց, դրանից ելնելով Ազատագրական շարժումը պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականները։
Այս հայտարարությունը ներկաներն ընդունեցին բացականչություններով, ծահարություններով, «այո, այո» վանկարկումներով։
«Ազատագրական շարժումը կոչ է անում կուսակցություններին, կազմակերպություններին, անհատներին միավորվել այս երկու պահանջի ներքո»,- հայտարարեց Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արա Զոհրաբյան. Ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատաոճը հատուկ քննարկման առարկա է դառնալու
- Սոֆյա Հովսեփյան. Այսօր ժամը 16։00-ին հանդիպում ենք Հանրապետության Հրապարակում
- Հանդիպելու ենք բոլոր այն ուժերի հետ, որոնք կօգնեն միասին ազատվել այս չարիքից․ Կարին Տոնոյան
- Վահագն Չախալյանի նկատմամբ ցանկանում են քրեական հետապնդում իրականացնել. Զոհրաբյան