Մինչ կանգառներում մարդիկ տրանսպորտի են սպասում, Մարությանը նկարահանվում է նոր ավտոբուսների ֆոնին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ երևանցիներին կրկին խոստացել է՝ արդեն մի քանի օրից մայրաքաղաքի փողոցներում կտեսնեն նոր քաղաքային ավտոբուսները։
Մարությանը, որ բազմամարդ միջոցառումների չի մասնակցում, նույնիսկ ԱԺ չի գնում, գնացել է դեպո ու նոր ավտոբուսների ֆոնին նկարահանվել, անձամբ ներկայացրել ավտոբուսների հնարավորությունները, վճարման համակարգը, սրահը, նստարանները, նույնիսկ դեղատուփը, լիցքավորման կետերը, արտաքին ու ներքին դիզայնը։
Ավելին, նա անձամբ է մանկասայլակն ու հաշմանդամության սայլակները մտցնում ավտոբուս։ Երևում է, Մարությանը կարոտել է տեսանկարահանումներին։
Ինչևէ, ավտոբուսները մի քանի փուլերով կմտնեն երթուղի։ 211 հատ 8,6 մետրանոց այս ավտոբուսները ձեռք են բերվել Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով։
Հիշեցնենք, այս տարվա հուլիսի 31-ին Մարությանն էլի ավտոբուսների թեմայով գրառում էր կատարել՝ նշելով, որ 211 ավտոբուսները Չինաստանի Լյաոչեն քաղաքի գործարանից հանդիսավոր պայմաններում ուղևորվել են դեպի Շանհայի նավահանգիստ, որտեղից էլ նավով կմեկնեն դեպի Փոթի նավահանգիստ, այնտեղից էլ՝ Երևան:
Մինչ քաղաքապետն ավտոբուսների ֆոնին նկարահանումներ է իրականացնում, կանգառներում տրանսպորտի սպասող մարդկանց կուտակումներ են։
Չնայած կանգառներում լուսանկարներն արվել են ավելի վաղ, սակայն այսօր էլ նույն վիճակն է։