«Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանում սնվածների թունավորման փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությանը պատկանող «Բուրգըրի» (հասցե՝ Ամիրյան 3/37) հասարակական սննդի կազմակերպությունում սնված քաղաքացիների մոտ արձանագրված աղիքային վարակին բնորոշ դեպքերի փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։
«Նշանակված են փորձաքննություններ»,- Panorama.am-ին հայտնեցին ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ «Երեմյան Փրոջեքթս» ընկերությանը պատկանող ռեստորանում սնվելու հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, 13 քաղաքացի է հոսպիտալացվել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն։
Համաձայն ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս Լաբորատոր կենտրոն մասնաճյուղ»-ի կողմից իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների, ռեստորանի մակերեսներից և աշխատակիցների ձեռքերից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) և Staphylococcus aureus։
Ինչպես հիվանդներից վերցված կենսանմուշներում, այնպես էլ սննդամթերքից վերցված նմուշներում (բուրգերի համար նախատեսված տավարի հում միս (կիսաֆաբրիկատ))՝ հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդության հարուցիչ (salmonella enteritidis):
Նոյեմբերի 24-ի դրությամբ աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված հիվանդներից բուժումը շարունակում էր 3-ը, նրանց վիճակը գնահատվում էր թեթև և միջին ծանրության։
Սա Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի հրապարակած վերջին տվյալներն են։ Ուշագրավ է, որ կենտրոնն առաջին հաղորդագրությունում հրապարակել էր նույն ընկերությանը պատկանող երկու ռեստորանի անունը, նշել նույնիսկ հասցեները, իսկ երկրորդում ուղղակի գրել էր. «հասարակական սննդի կազմակերպություններ», երրորդ հաղորդագրությունում հիշատակել էր մեկ ռեստորանի մասին։
Չենք ուզում մտածել, որ պետական վերահսկող մարմնի ձեռագրի վրա ազդեցություն է ունեցել տնտեսվարող մարմինը։
Հիշեցնենք, որ «Երեմյան Փրոջեքթս» կազմակերպությանն են պատկանում «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը, «Երևանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը, «Լավաշ» ռեստորանը, «Շերեփ» ռեստորանը, ինչպես նաև «Լիվինգսթոն»-ը, «Սմոքինգ շեֆ»-ը, «Պանդոկ Երևան. գետափին»-ը։
Հարակից հրապարակումներ`
- «Երեմյան փրոջեքթս»-ի ռեստորանի մակերեսներից և աշխատակիցների ձեռքերից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ
- «Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանում թունավորվածներից 3-ը շարունակում են մնալ հիվանդանոցում
- Չնայած թունավորումների ու մարդկանց տանջանքներին՝ «Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանները շարունակում են գործել
- «Բուրգըրի»-ում և «Պանդոկ Երևան»-ում սնված քաղաքացիների մոտ աղիքային վարակ է արձանագրվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին