Կյանքից հեռացել է բրոդվեյական մյուզիքլների հեղինակ Սթիվեն Սոնդհայմը
ԱՄՆ-ում վախճանվել է 20-րդ դարի երկրորդ կեսի ամենաազդեցիկ կոմպոզիտորներից մեկը՝ բանաստեղծ, դրամատուրգ և բրոդվեյան բազմաթիվ մյուզիքլների հեղինակ Սթիվեն Սոնդհայմը: Այս մասին հայտնում է «The New York Times»-ը՝ վկայակոչելով նրա փաստաբան Ռիչարդ Պապպասին։
Երաժիշտը 91 տարեկան էր։ Փաստաբանը հայտարարել է, որ չգիտի Սոնդհայմի մահվան պատճառը. կոմպոզիտորի որևէ հիվանդության մասին չի հաղորդվել, և նրա մահը հանկարծակի է եղել:
Առաջին բրոդվեյան շոուն, որի համար Սոնդհեյմը բառեր և երաժշտություն է գրել, 1962 թվականի «Զվարճալի բան, որը տեղի է ունեցել համաժողովի ճանապարհին» կատակերգությունն էր։ Աշխատանքն արժանացել է հեղինակավոր Tony մրցանակին՝ որպես լավագույն մյուզիքլ: Նա նաև տեքստ է գրել «Վեստսայդյան պատմության» համար և մասնակցել է 1979 թվականի «Սուինի Թոդ» մյուզիքլի ստեղծմանը։ Բացի այդ, նա երաժշտություն է գրել նաև ֆիլմերի համար։
Իր կարիերայի ընթացքում կոմպոզիտորը ստացել է Tony-ի ութ մրցանակ։ Նրա վեց ալբոմներ արժանացել են «Գրեմմի» մրցանակի, իսկ «Send in the Clowns» կոմպոզիցիան, որպես Տարվա երգ, 1975 թվականին արժանացել է «Գրեմմի» մրցանակի: